Կարևոր իրադարձություններ

Չեխական կազմակերպությունը հետազոտելու է Լոռու մարզի՝ քիմիական աղտոտվածության ենթարկված տարածքները

26 Հուլիս, 2021 21:29
Չեխական կազմակերպությունը հետազոտելու է Լոռու մարզի՝ քիմիական աղտոտվածության ենթարկված տարածքները

Չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը շարունակում է հետազոտել Լոռու մարզի՝ քիմիական աղտոտվածության ենթարկված տարածքները: «Առնիկա»-ի փորձագետները կվերցնեն հողի, փոշու փորձանմուշներ և տուժած բնակիչների կենսանմուշներ, ընդհանուր՝ ավելի քան 100 նմուշ: Դրանք կհետազոտվեն Չեխիայում հավատարմագրված լաբորատորիայում: Հետազոտական աշխատանքների նոր փուլը կմեկնարկի հուլիսի 28-ին:

2021թ. հետազոտությունների դիտարկման շրջանակն ընդլայնվել է՝ ընդգրկելով Ալավերդի, Շնող, Աքորի, Ախթալա, Թեղուտ, Հաղպատ, Սանահին, Ճոճկան, Մեծ Այրում, Շամլուղ, Փոքր Այրում, Արմանիս ու Մղարթ բնակավայրերը: Հետազոտությունները կնպաստեն վերհանել մարդու առողջությանը սպառնացող վտանգները, որոնց մարդիկ բախվում են շրջակա միջավայրի արդյունաբերական աղտոտվածության հետևանքով, գնահատել այդ ռիսկերը և պլանավորել մեխանիզմներ դրանց վերացման ուղղությամբ:

Մարդիկ հնարավորություն կունենան ստանալու հստակ տվյալներ իրենց առողջության վրա
հանքարդյունաբերության ազդեցության վերաբերյալ: Հետազոտությունները կմեկնարկեն Ստեփանավան խոշորացված համայնքի Արմանիս բնակավայրում, որը գտնվում է Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ազդեցության գոտում: Բնակավայրում
են նաև գտնվում հանքավայրը շահագործող «Սագամար» ՓԲԸ-ին պատկանող պոչամբարն ու լցակույտերը: Վտանգավոր թափոնները տարածվում են շրջակա միջավայրում, ներհոսում են Չքնաղ գետ և գետի ձորակ: Լցակույտերից և հանքավայրի տարածքից փոշին սփռվում է համայնքի, հողատարածքների ու արոտավայրերի վրա:

Արմանիսից հետո ուսումնասիրություններ կանցկացվեն «Թեղուտ» ՓԲԸ-ի և «Ախթալայի
լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի հանքարդյունաբերական ձեռնարկությունների պոտենցիալ ազդեցության գոտում գտնվող տարածքներում:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը նշեց. ««Առնիկայի» կողմից 2020թ. իրականացված նախորդ հետազոտությունների հիման վրա մոտ 70 բնակիչ, որոնք բնակվում են աղտոտված տարածքներում, դիմել են դատարան իրենց առողջությանը հասցված վնասների փոխհատուցման պահանջով: Այս տարվա հետազոտությունները կլրացնեն ապացուցողական բազան, որպեսզի մարդիկ պահանջատեր դառնան և պաշտպանեն իրենց առողջության իրավունքները»:

Հետազոտություններն իրականացվում են հայաստանյան «Համայնքային համախմբման և
աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի
նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ Վերափոխումների խթանման ծրագրի շրջանակներում:

 

Լրահոս

Դիտել ավելին