Կարևոր իրադարձություններ

Փրկարար ծառայությունն ամփոփել է աշխատանքային ամիսը․ գրանցվել է 1206 արտակարգ դեպք և պատահար, որից 709 հրդեհի դեպքով

26 Հուլիս, 2021 20:38
Փրկարար ծառայությունն ամփոփել է աշխատանքային ամիսը․ գրանցվել է 1206 արտակարգ դեպք և պատահար, որից 709 հրդեհի դեպքով

Արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 26-ին նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ կայացել է փրկարար ծառայության ամենամսյա գործունեության արդյունքների ամփոփում:

Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը զեկուցել է ամսվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Հուլիսի 1-26-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ստացվել է 43231 զանգ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 61099-ի դիմաց: Հակահրդեհային ազդարարման համակարգերով սպասարկվել է 365 ահազանգ: Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 1206 արտակարգ դեպք և պատահար, որից 709 հրդեհի դեպքով:

Զեկույցներով հանդես են եկել նաև՝ ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ Կարեն Աթոյանը, կադրերի վարչության պետ Արման Կարապետյանը: Ըստ կադրերի վարչության պետի զեկույցի՝ մրցութային կարգով իրականացված թափուր պաշտոնների համալրման գործընթացում նախկինում առկա խնդիրները և թերությունները հնարավորինս շտկվել են, որոնց թվում՝ հարցազրույցի փուլի գնահատման համակարգի թերությունը, այն է՝ 0-1-2 բալերով 0գնահատման համակարգը, ինչը հնարավորություն չէր տալիս արդյունավետ գնահատել մասնակցի գիտելիքները: Այսուհետ բալերով գնահատման համակարգը սահմանվում է 1-ից 5-ը։ Իսկ ամենակարևոր փոփոխությունը՝ դա կրտսեր կազմի հարցաշարերում ներառել միայն մասնագիտական գործունեությանը վերաբերվող հարցեր։ Կադրերի վարչությունը համապատասխան շահագրգիռ վարչությունների հետ համատեղ պատրաստում է նոր հարցաշարեր և թափուր նոր հաստիքների մրցույթներ հայտարարելու ժամանակ արդեն առաջնորդվելու են նոր որոշման պահանջներով։ 

Հուլիս ամսվա գործունեության արդյունքները ներկայացրել են նաև մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները: Մասնավորապես, ներկայացրել են կադրային, տեխնիկական զինվածության վերաբերյալ հարցեր:

Զեկուցվել է, որ Աշոցքում մեկնարկել են հրշեջ փրկարարական ջոկատի շենքի շինարարական աշխատանքները: Շարունակվում է ուշադրության կենտրոնում մնալ Երևանում և մարզերում իրականացվող շտաբային և հատուկ տակտիկական ուսումնավարժությունները՝ արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության թեմաներով: Համակարգում գոհացուցիչ ցուցանիշ է արձանագրվել նաև ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումների առումով. ծառայողների ավելի քան 66 տոկոսը պատվաստվել է:

Նախարարի պաշտոնակատարն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել մեծ պատասխանատվությամբ կատարված աշխատանքի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին