Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանն արհեստական բանականության ոլորտում համագործակցության հարցեր է քննարկել ճապոնական հանրահայտ YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ

25 Հուլիս, 2021 14:44
Արմեն Սարգսյանն արհեստական բանականության ոլորտում համագործակցության հարցեր է քննարկել ճապոնական հանրահայտ YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ճապոնական հանրահայտ YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ։

Նախագահ Սարգսյանին ներկայացվել են ընկերության գործունեության ուղղություններն ու նոր նախագծերը, արհեստական բանականությամբ գործող սարքավորումների հնարավորություններն ու կարողությունները, ինչպես նաև միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Նախագահ Սարգսյանը ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է փոխգործակցության հնարավորությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է եղել արհեստական բանականության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանն ու դրանց ուղղություններին, ինչպես նաև Հայաստանում ընկերության ներկայացվածությանը:

Տեղեկանք

YAMAHA ընկերության մասին

YAMAHA-ն ճապոնական ամենահին (հիմնադրվել է 1887թ.) բազմամիլիարդանոց շրջանառություն և համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններից մեկն է: Այն բացի երաժշտական գործիքներից արտադրում է մասնագիտացված աուդիո սարքավորմներ, տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից միջոցներ, էլեկտրոնային և ավտոմատացված սարքեր, մեքենաների ներքին բաղադրիչներ, որոնք գործում են արհեստական բանականությամբ: YAMAHA-ի հատուկ նախագծերից մեկը Արհեստական բանականության երաժշտական համույթի համակարգն է (YOO), որը վերլուծում է երաժիշտների կատարումը և կանխատեսում նրանց ժամանակն ու կատարման ընթացքը՝ միաժամանակ սինքրոնիզացնելով այն այլ երաժշտական գործիքների հետ: YAMAHA-ն արտադրում է նաև փոքր շարժական միջոցներ՝ շարժիչներով նավակներ, մոտոցիկլետներ, հեծանիվներ, ձնամեքենաներ, արդյունաբերության մեջ օգտագործվող ռոբոտներ և այլ սարքավորումներ:

 

Լրահոս

Դիտել ավելին