Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    558,5
    572,5

  • RUB

    6,51
    6,75

Կարևոր իրադարձություններ

 

Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արագիլների աղտոտման քրեական գործը կարճվել է․ Դատախազություն

23 Հուլիս, 2021 13:59
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արագիլների աղտոտման քրեական գործը կարճվել է․ Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 

«Yerkir.am» տեղեկատվական կայքը, հուլիսի 21-ին հրապարակել է «Դատախազությունը «ծածկադմփոց» է արել արագիլների գործը․ ամեն երրորդ բնում աղտոտված ձագուկներ են» վերատառությամբ հոդված: Դրանում բացառապես մեկ անձի՝ բնապահպան Սիլվա Ադամյանի արած մերկապարանոց, իրականությանը չհամապատասխանող, և քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներից գրեթե լիարժեք անտեղյակության պայմաններում արած անհիմն մեկնաբանությունների վրա, փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արագիլների աղտոտման վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է, ըստ էության, կոծկելու համար ենթադրյալ հանցագործությունը և այդ նպատակով չիրականացնելով լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն, քննության առարկա չդարձնելով, արագիլների աղտոտումը Արարատի մարզի տարածքում գործող ձկնաբուծարանների թափոնների պատճառով տեղի ունեցած լինելու հնարավորությունը: 

«Իրականությունն այն է, որ 12.09.2019թ. կոնկրետ այս քրեական գործով իրականացվել է չափազանց խորքային, համակողմանի և լայնածավալ քննություն՝ ներառելով նաև ԶԼՄ-ների այն բազմաթիվ հրապարակումները, որոնք տվյալներ են պարունակել  արագիլների կոշտ ճենճանման շերտով պատվելու հավանական պատճառը Արարատի մարզի համայնքների ջրատարներում, ջրային ավազաններում մեծ քանակությամբ ձկների մնացորդներով աղտոտված լինելու հանգամամանքով պայմանավորված լինելու մասին:

Նման բնույթի քրեական գործերի առանձնահատկությունն այն է, որ կատարվածին քրեաիրավական գնահատականներ տալու համար չափազանց մեծ նշանակություն ունեն փորձագիտական եզրակացությունները: Ուսումնասիրվել են Հովտաշեն, Ղուկասավան, Հայանիստ, Սայաթ-Նովա, Զորակ, Ռանչպար համայնքներում առկա ջրատարներից վերցված ջրի նմուշները, նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին:

2019 թվականի սեպտեմբերի 12-ին ստացվել է փորձագետի եզրակացությունը, համաձայն որի` փորձաքննությանը ներկայացված պոլիմերային տարաներում առկա նյութերում, ինչպես նաև փետուրների վրա նավթամթերքներ չեն հայտնաբերվել, իսկ ներկայացված նմուշներում բուսական կամ կենդանական ծագման յուղ լինելու վերաբերյալ հարցին պատասխանել հնարավոր չէ՝ համեմատական հետազոտության իրականացման անհնարինության պատճառով:

   Վերջինիս հետ կապված գրություն է ուղարկվել նաև ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոն և «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ, պարզելու կարող ե՞ն արդյոք պարզել՝ այնտեղ ջրատարներից վերցված ջրերի նմուշները և արագիլներից վերցված փետուրների նմուշների վրա առկա գորշավուն նյութը իրենցից ինչ են ներկայացնում, բուսական կամ կենդանական ծագման յուղ պարունակում են, թե ոչ: Պատասխանը եղել է այն, որ համապատասխան սարքավորումների բացակայության պատճառով նման փորձաքննություն չեն կարող անցկացնել:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից տրամադրված ջրերի նմուշառման ակտերի համաձայն՝ Արարատի մարզի Արաքսավանի ուղեկալի կամրջի ներքևի և Մխչյանի պոմպակայանի կամրջի ներքևի հատվածներից, Հրազդան գետից՝ Ռանչպարհի ճանապարհին հարող տարածքից վերցված ջրի նմուշներում մակերևութային ակտիվ նյութերը չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

    Միայն Հովտաշեն Հովտաշեն համայնքից վերցված ջրի նմուշում մակերևութային ակտիվ նյութերը գերազանցել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 26,25 անգամ: Այս կապակցությամբ կատարված լաբարատոր հետազոտության արդյունքում, սակայն, հնարավոր չի եղել պարզել՝ ջրի նմուշում քիմիական, թե կենսաբանական ակտիվ նյութեր են եղել, կամ առհասարակ՝ ինչ նյութեր են եղել:

Հարցաքննվել են փորձագիտական կենտրոնների բազմաթիվ փորձագետներ, այդ թվում ՀՀ ԳԱԱ ԳՀԳԿ ողնաշարավոր կենդանիների լաբարատորիայի ներկայացուցիչներ, որոնք մասնագիտական կարծիք են հայտնել, որ արագիլները կեղտոտվել են պարենային յուղանյութի թափոնների հետևանքով, սակայն որևէ հիմնավորող փաստ չունեն դրա վերաբերյալ, իրենք հստակ չեն կարող ասել, թե արագիլներն ինչ պայմաններում և որտեղ են յուղոտվել:

     Պարզելու համար Արարատի մարզի Սայաթ-Նովա, Զորակ, Ռանչպար, Սիս և Հովտաշեն համայնքներում արտադրական օբյեկտներ, գործարաններ, ձկնաբուծական, խոզաբուծական տնտեսություններ առկա են թե ոչ, ինչ եղանակով են հեռացվում նրանց թափոնները, ինչպես նաև նշված համայքներով սելավատար կամ գետի հուն անցնում է, թե ոչ, դրանցում թափոններ լցվում են, թե ոչ, գրություններ են ուղարկվել նշված համայքների ղեկավարներին, որոնք նաև հարցաքննվել են:

Գրություններ են ուղարկվել նաև ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ ՏԿԱԵ նախարարություն, ՀՀ բնապահպանության նախարարության և ընդերքի տեսչական մարմին և ՀՀ Արարատի մարզպետարան՝ պարզելու համար ՀՀ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում (ինչպես քաղաքում, այնպես էլ գյուղերում) աղբավայրեր կան, թե ոչ, եթե այո, ապա որտեղ են տեղակայված, ում վերահսկողության տակ են, ստուգումներ իրականացվել են, թե ոչ, խախտումներ հայտնաբերվել են, թե ոչ, այդ թվում նաև ձկնաբուծական տնտեսությունների և արտադրական օբյեկտների վերահսկողությունը ում կողմից է իրականացնում, ինչ կարգով և այլն, որոնց արդյունքում ստացված արդյունքները ևս հիմք են հանդիսացել քրեական գործի վարույթի կարճման համար:

     Մասնավորապես՝ ՀՀ բնապահպանության նախարարության և ընդերքի տեսչական մարմնից ստացված պատասխան գրության համաձայն ՀՀ աղբավայրերի և ձկնաբուծական տնտեսությունների գործունեության վերահսկողությունն իրականացվում է նաև բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից

 Ստացված պատասխան գրությունների համաձայն՝ նշված համայնքներում առկա գետերում, դրենաժային ցանցերում թափոններ և կենցաղային աղբ չի լցվում, այլ թափոնները ընկերությունները կամ հեռացնում են անձնական ուժերով, կամ տարբեր կազմակերպությունների, համայնքների հետ կնքած պայմանագրերի հիման վրա:

Նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել նաև վերոնշյալ համայնքների ղեկավարները, ձկնաբուծական մի քանի ընկերությունների ներկայացուցիչները:

Այսինքն ծավալուն նախաքննությամբ փաստական տվյալ ձեռք չի բերվել որևէ մեկի կողմից բուսական կամ կենդանական աշխարհը դիտավորությամբ զանգվածաբար ոչնչացնելու, մթնոլորտը, հողերը կամ ջրային պաշարները թունավորելու, ինչպես նաև էկոլոգիական աղետ առաջացրած այլ արարքներ կատարելու վերաբերյալ, ինչով պայմանավորված՝ վարույթն իրականացնող մարմինը 22.05.2020թ. որոշում է կայացրել գործով վարույթը կարճելու մասին:

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե «Դատախազության քաջությունը, չի հերիքել «կպնել» ձկնաբուծարանների տերերին», ապա հարկ ենք համարում նշել, որ եթե այս կարծիքի հեղինակը հետևեր ՀՀ դատախազության լրահոսին, կիմանար ձկնաբուծարանների գործունեության օրինականության ոլորտներում հենց դատախազության նախաձեռնությամբ 2019-2020թթ իրականացված մեծածավալ ուսումնասիրությունների, դրանցից ածանցվող գործողությունների, քրեական գործերի առկայության մասին»:

Լրահոս

Դիտել ավելին