Կարևոր իրադարձություններ

Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է Հայաստանի բնության պետական թանգարան

22 Հուլիս, 2021 22:33
Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է Հայաստանի բնության պետական թանգարան

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ում էր։

Նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանի և թանգարանի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Լ․ Գալստյանի հետ շրջել են թանգարանի ցուցասրահներում։ Թանգարանի չորս սրահներում ցուցադրվում են ‎Հայաստանի Հանրապետության ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ նմուշներ։ Կարճ էքսկուրսի միջոցով ծանոթացել են Հայաստանի տարածքի լանդշաֆտային բազմազանության, բուսական և կենդանական աշխարհի յուրահատուկ (էնդեմիկ) ներկայացուցիչների ցուցանմուշներին։

 

Շրջայցից հետո նախարարի պաշտոնակատարը խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հետ՝ նախ շնորհակալություն հայտնելու կատարած աշխատանքի որակի համար, ապա լսելու առկա խնդիրները և քննարկելու թանգարանի հետագա զարգացման ծրագրերը։

«Շատ տպավորված եմ ցուցադրված նմուշներով։Կրտսեր, միջին և ավագ դասարանի ցանկացած աշակերտ թանգարան ոտք դնելուց և շրջայց կատարելուց հետո կփոխի իր աշխարհայացքը՝ լեզվամտածողությունից մինչև արտաքին աշխարհի ընդհանուր ընկալումներ։ Յուրաքանչյուր հայ մարդ այս թանգարան այցելելով կվերարժևորի իր գոյը։ Կարծես Աստված ոչինչ չի խնայել մեր երկրի համար, այսքան հարուստ կենսաբազմազանություն, հարուստ ընդերք, օգտակար հանածոներ։ Մեզ մնում է միայն ճիշտ կառավարել ու պահպանել մեր ազգային հարստությունը»,-նշել է նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։

Քննարկվել են զբոսաշրջային ընկերությունների հետ ավելի սերտ համագործակցություն հաստատելու ծրագրեր։

Նախարարի պաշտոնակատարը նախարարի տեղակալին խնդրել է բանակցություններ սկսել Երևան քաղաքի City Tour-երի ծրագրում մեր թանգարանը ներառելու շուրջ։

Առանձնակի կարևորվել է թանգարանի նյութատեխնիկական բազայի վերազինման և համալրման, ինչպես նաև ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրուման հարցը։

«Թանգարանը մեզ համար նախևառաջ էկոկրթական, սոցիալ-կրթական կարևորագույն բաղադրիչ է, և մենք արդեն ունենք որոշակի տեսլական զարգացման ուղղությունների շուրջ։ Թանգարանի շենքային պայմանների բարելավման ու միջազգային չափանիշներին համապատասխան հարմարավետ ֆոնդապահոցներ ունենալու, գիտահետազոտական աշխատանքների համար անհրաժեշտ աշխատասենյակներ ստեղծելու, թանգարանային առարկաների վերականգնման, մաքրման, քիմիական հետազոտության և ախտահանման լաբորատորիաներ ունենալու խնդիրները բոլորը գույքագրված են, և դրանց լուծման ուղղությամբ գործուն քայլերը ձեռնարկվում են,- նշել է նախարարի պաշտոնակատարը և գործընկերներին տեղեկացրել, որ այս պահին մի շարք բանակցություններ են ընթանում այդ ուղղություններով։

Հանդիպման ավարտին նախարարի պաշտոնակատարը թանգարանի աշխատակիցներին խնդրել է ականջալուր լինել Առողջապահության նախարարության հորդորներին և պատվաստվել ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ։

 

Լրահոս

Դիտել ավելին