Կարևոր իրադարձություններ

Մեր կանխատեսումներով կորոնավիրուսի աճի տենդենցը մոտակա օրերի ընթացքում շարունակվելու է. Նանուշյան

22 Հուլիս, 2021 13:02
Մեր կանխատեսումներով կորոնավիրուսի աճի տենդենցը մոտակա օրերի ընթացքում շարունակվելու է. Նանուշյան

Արդեն 2 օր է՝ մենք ունենք օրական կորոնավիրուսի 200-ից ավելի ցուցանիշ: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խնդրելով առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին մանրամասներ ներկայացնել:

«Վերջին օրերի ընթացքում որոշակի աճի տենդենց է գրանցվում, բայց շատ փոքր տեմպերով։ Եթե անցած շաբաթ մենք գրանցում էինք մինչև 200 դեպք օրական, ապա այս շաբաթ մենք արդեն 200-ը հատել ենք: Երեկ հայտարարել էինք 220 դեպք, այսօր արդեն 225 դեպք է գրանցվել: Մեր կանխատեսումներով աճի տենդենցը շարունակվելու է մոտակա օրերի ընթացքում»,- նշեց Նանուշյանը:

Փոխնախարարը հայտնեց այս պահին 3790 հոգի բուժում է ստանում, որից 606-ը հիվանդանոցային բուժում: Հիվանդանոցային բուժման մեջ 282 հոգի ծանր վիճակում են գտնվում, իսկ 48 հոգի՝ ծայրահեղ ծանր։

Նա ասաց, որ եվրոպական որոշ երկրներում նույնպես շարունակվում է աճ գրանցվել, սակայն այն երկրներում, որտեղ պատվաստված քաղաքացիների մասնաբաժինը բավականին մեծ տոկոսի է հասնում հիմնականում հոսպիտալացումները եւ մահերը, որոնք ավելի քչաքանակ են՝ գրանցվում են այն մարդկանց մոտ, ովքեր պատվաստված չեն։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Երեկ առողջապահության միջազգային կազմակերպության ղեկավարին էի լսում և ըստ էության պարզ է, որ կորոնավիրուսը դեռ երկար է ուղեկցելու։ Սպասել, որ մի օր ուղղակի կորոնավիրուսը վերանալու է՝ իրատեսական չէ: Բայց կա նաեւ լավ նորություն, համենայնդեպս մինչեւ այս պահը եղած տվյալներով՝ եղած պատվաստանյութերը էֆեկտիվ են բոլոր շտամների համար: Դա նշանակում է, որ մենք պետք է շատ ինտենսիվ շարունակենք պատվաստման աշխատանքները եւ երկրորդը՝ փակ տարածքներում դիմակների կրման պրակտիկան պետք է հնարավորինս լավ մակարդակի վրա պահենք»:

Նա նաև հավելեց, որ դեռևս 2020 թվականի մայիսից որդեգրել են քաղաքականություն՝ սովորել ապրել կորոնավիրուսի հետ:

Լենա Նանուշյանն էլ ասաց, որ օրական պատվաստումների դինամիկան 5000-ից ավելի է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին