Կարևոր իրադարձություններ

Գեղաշենում հիմքից կառուցված նոր մանկապարտեզը շուտով կհանձնվի շահագործման․ Կոտայքի մարզպետն այցելել է համայնքներ

21 Հուլիս, 2021 23:27
Գեղաշենում հիմքից կառուցված նոր մանկապարտեզը շուտով կհանձնվի շահագործման․ Կոտայքի մարզպետն այցելել է համայնքներ

Մեկնարկել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ՝ տեղում ծանոթանալու կառավարության սուբվենցիոն, ինչպես նաև այլ ծրագրերով համայնքներում իրականացվող աշխատանքների ընթացքին:

Մարզպետարանը տեղեկացնում է, որ այցի առաջին կանգառը Գողթ համայնքում էր: Մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանի, համայնքի ղեկավար Կարեն Գաբրիելյանի ուղեկցությամբ Ահարոն Սահակյանն այցելել է կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում կառուցվող մանկապարտեզի տարածք, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին ու ծավալներին:

 

Համայնքի ղեկավար Կարեն Գաբրիելյանը մարզպետին ներկայացրել է աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ արդեն իսկ կառուցվում է մանկապարտեզի երկրորդ հարկը, որից հետո կիրականացվեն ներքին հարդարման աշխատանքներ:

Արդյունքում, պետության աջակցությամբ Գողթ համայնքն ունենալու է ժամանակակից չափանիշներին համապատասխան, բոլոր հարմարություններով ու հնարավորություններով հագեցած տիպային մանկապարտեզ՝ նախատեսված համայնքի շուրջ 75 երեխաների համար. գործելու է երեք խմբով:

Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50% /50% համաֆինանսավորմամբ:

Գողթում մարզպետ Ահարոն Սահակյանը դիտարկել է նաև համայնքի բյուջեի միջոցներով երկու փողոցներում իրականացված կապիտալ ասֆալտապատման աշխատանքները:

Այնուհետև մարզպետն այցելել է Գեղաշեն համայնք և համայնքի ղեկավար Տիգրան Հակոբյանի ուղեկցությամբ եղել կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմքից կառուցված նոր մանկապարտեզում, որտեղ այս պահին կրկին կառավարության 2020 և 2021 թթ. սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են բակային հատվածի բարեկարգման և գույքի ձեռքբերման աշխատանքներ:

Համավարակով և պատերազմով պայմանավորված՝ շինաշխատանքները տեղափոխվել են այս տարի և ամենամոտ ապագայում կավարտվեն:

Գույքի ձեռբերումից անմիջապես հետո մանկապարտեզը կհանձնվի շահագործման: Այն նախատեսված է համայնքի շուրջ 140 փոքրիկների համար: Նշվում է, որ Գեղաշենում երբևէ մանկապարտեզ չի գործել:

Բացի մանկապարտեզի սուբվենցիոն ծրագրից, Գեղաշենում այս տարի ևս երեք սուբվենցիոն ծրագիր կյանքի կկոչվի՝ մի շարք թաղամասերի գազաֆիկացում, փողոցային լուսավորության համակարգի կառուցում և արևային կայանների տեղադրում:

Հաջորդիվ մարզպետը եղել է Կամարիս համայնքում, որտեղ կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով այս պահին կառուցվում է խմելու ջրի նոր ջրագիծ:

Համայնքի ղեկավար Գոռ Հակոբյանը նեկայացրել է, որ ծրագրի շրջանակում արդիականացվում է 1-ին և 3-րդ փողոցների խմելու ջրի համակարգը (շուրջ 1200գծմ), ինչի արդյունքում համայնքում կլուծվի մոտ 160 տնտեսության խմելու ջրի խնդիրը։

Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 55% / 45% համաֆինանսավորմամբ:

Բացի նշված ծրագրից, այս տարի Կամարիսում ևս երկու սուբվենցիոն ծրագիր կիրականացվի՝ 517 մ երկարությամբ ներհամայնքային ճանապարհահատվածի հիմնանորոգում և համայնքի հիմնական և երկրորդական փողոցների լուսավորության ցանցի վերականգնում: Վերջին ծրագրով համայնքում լուսավորության խնդիրն ամբողջությամբ կլուծվի:

Բոլոր համայնքներում մարզպետը հորդորել է սահմանված ժամկետում ավարտել մեկնարկած շինաշխատանքները՝ իրականացնելով բացառապես որակյալ շինարարություն:

 

Լրահոս

Դիտել ավելին