Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

Գլխավոր դատախազը ապօրինի հարստացման գործերով հանձնարարություններ է տվել

21 Հուլիս, 2021 11:12
Գլխավոր դատախազը ապօրինի հարստացման գործերով հանձնարարություններ է տվել

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է 2017-2020թթ. ՀՀ քրեական օրենսգրքի 310 1 -րդ (ապօրինի հարստանալը), 314 2 -րդ (գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելը) և 314 3 -րդ (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակը:

Պարզվել է, որ 2017թ. ընթացքում վերոնշյալ հոդվածներով քրեական գործեր չեն հարուցվել, 2018թ.- ին հարուցվել է 3 քրեական գործ, իսկ 2019 և 2020թթ.-ին՝ 5-ական քրեական գործեր: 2018-2020թթ.-ին հարուցված և քննված վերոնշյալ քրեական գործերով ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել 11 անձ, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քննության արդյունքում հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է նշված քրեական գործերից 9- ի վարույթը, 3-ի նախաքննությունը շարունակվում է, 5 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքերով:

Քննված քրեական գործերից 1-ը մեղադրական եզրակացությամբ 2021թ.-ի ապրիլին ուղարկվել է դատարան, որի քննությունն ընթացքի մեջ է: Վերոնշյալ հանցագործությունների դեպքերով իրականացվող քննությունն ունի որոշակի առանձնահատկություններ: Մասնավորապես, ապօրինի հարստանալու հանցատեսակի քննության տեսանկյունից վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապացուցել, որ անձի ունեցած փաստացի և օրինական եկամուտների, գույքի միջև առկա է էական անհամապատասխանություն: Նման անհամապատասխանություն հայտնաբերելու եղանակ է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագիր չներկայացնելու կամ ներկայացված հայտարարագրում կեղծ տվյալներ ներառելու և/կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հանգամանքը պարզելը:

Այսինքն, որպես կանոն, ապօրինի հարստացման հանցակազմի առերևույթ առկայությունը ենթադրում է նաև հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու, հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հանցակազմերի առկայություն: Հաշվի առնելով ապօրինի հարստացման դեմ քրեաիրավական պայքարի ուժեղացման անհրաժեշտությունը, դրա նշանակությունը սոցիալական արդարության տեսանկյունից՝ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ դատախազության համապատասխան բոլոր ստորաբաժանումներին տվել է նշված հանցատեսակներով քննության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կոնկրետ հանձնարարականներ: Մասնավորապես, հայտարարագրերում թերի կամ կեղծ տվյալների ներկայացման մեջ դիտավորության առկայության հանգամանքը պարզելու նպատակով խնդիր է դրվել պարտադիր քննության առարկա դարձնել չհայտարարագրված անշարժ գույքերի կադաստրային գործերը, որի արդյունքում հնարավոր կլինի պարզել համապատասխան գույքի համար հարկերի վճարման հաճախականությունը, վճարումներ կատարած անձանց, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել թանկարժեք կամ հայտարարագրման ենթակա այլ շարժական գույքի ձեռքբերման և օտարման փաստաթղթերը հայտնաբերելու և քննության առարկա դարձնելու ուղղությամբ:

Բացի այդ, նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314 3 -րդ հոդվածով որակյալ հանցակազմի համար պատասխանատվություն է նախատեսում առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրման համար, գույքի արժեքի հետ կապված մեկնաբանելիությունից և շահարկումներից խուսափելու նպատակով խնդիր է դրվել միջոցներ ձեռնարկել յուրաքանչյուր դեպքում գույքի արժեքը որոշելու նպատակով նշանակել դատաապրանքագիտական փորձաքննություն:

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց առնչվող հանցագործության յուրաքանչյուր դեպքով ապահովել, որպեսզի պատշաճ քննության առարկա դարձվի նրանց կողմից ներկայացված հայտարարագրերը, միջոցներ ձեռնարկվեն նշված սուբյեկտների փաստացի ունեցած գույքի, եկամտի իրական չափը պարզելու ուղղությամբ: Իսկ անհամապատասխանություն հայտնաբերելիս՝ բավարար հիմքերի առկայության դեպքում հարուցել քրեական գործ կամ ձեռք բերված նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ ՀՔԾ-ին քրեական վարույթ հարուցելու հանձնարարություն տալու համար:

Լրահոս

Դիտել ավելին