Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում կկառուցվեն արևային ֆոտովոլտային հերթական կայանները

20 Հուլիս, 2021 23:10
Գեղարքունիքի մարզում կկառուցվեն արևային ֆոտովոլտային հերթական կայանները

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունել է «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողություն» հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանին և նույն հիմնադրամի ինժեներատեխնիկական խմբի ղեկավար Հրանտ Տեր-Գաբրիելյանին:

Հանդիպման ընթացքում հյուրերը մարզպետի հետ խոսել են արևային ֆոտովոլտային կայանների ստեղծման գաղափարի մասին, որը նախատեսվում է կյանքի կոչել հաջորդ տարի՝ Գեղարքունիքի մարզի առավել արևային համայնքների նախընտրելի տարածքներում:

Ծրագիրը կյանքի կոչելու համար «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողություն» հիմնադրամը նախատեսում է ՀՀ կառավարության անունից հայտարարել մրցույթ, որի արդյունքում մասնակից կազմակերպություններից և հիմնադրամներից կընտրվեն ներդրողները:

Ըստ հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանի, հիմնադրամը միջազգային ներդրողների ներգրավմամբ կաջակցի մարզի որոշ համայնքների կողմից տրամադրած նպաստավոր տարածքներում մոտ 80 ՄՎտ հզորության և մոտ 60 միլիոն դոլար արժողությամբ արևային ֆոտովոլտային կայանների հիմնմանը, ինչի համար ակնկալում է Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությունը՝ համայնքների հետ հողատարածքների ընտրության հարցում:

Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժինը համագործակցված աշխատանք կիրականացնի կազմակերպության և համայնքների հետ, որպեսզի ընտրված հողատարածքները ծառայեն այդ նպատակի համար:

 
 

Լրահոս

Դիտել ավելին