Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են գերնորմատիվային հողատարածքների քարտեզագրմանն ու ոռոգման ոլորտի արդիականացման հարցերը

20 Հուլիս, 2021 22:57
Քննարկվել են գերնորմատիվային հողատարածքների քարտեզագրմանն ու ոռոգման ոլորտի արդիականացման հարցերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 20-ին կազմակերպել էր քննարկում՝ նվիրված գերնորմատիվային հողատարածքների քարտեզագրմանն, ինչպես նաև ջրախնայողության նպատակով ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը։ Հանդիպմանը մասնակցում էին Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, մարզպետարանների գյուղվարչության պետեր, ՋՕԸ-երի մարզային և համայնքային ներկայացուցիչներ և ոլորտի այլ պատասխանատուներ։ Տեղեկացրել է նախարարության լրատվական ծառայությունը։

«Մեր հանդիպման հիմնական նպատակն է նախևառաջ ճշտել գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքները, կազմել համապատասխան համայնքների ցանկը և այդ հողատարածքներում աճեցվող մշակաբույսերը, որպեսզի առաջիկայում առաջարկվող մեր լուծումները լինեն նպատակային, արդյունավետ և կիրառելի։ Հանդիպման մյուս նպատակն է համատեղ քննարկել և գտնել լուծումներ գյուղատնտեսական նշանակության գերնորմատիվային հողերի ոռոգման համար»,- հանդիպման սկզբում նշել է Արման Խոջոյանը։

 

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս ոլորտը արդիականացման խիստ կարիք ունի և գերնորմատիվային հողատարածքներ ունեցող համայնքների ճշգրտումն այս ուղղությամբ իրականացվող առաջին քայլն է։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողերի չափորոշիչները, ոռոգման առավել նպատակահարմար եղանակներն ու ոռոգման ռեժիմի հաշվարկի մեթոդաբանությունը։

Անդրադարձ է կատարվել գերնորմատիվային հողատարածքների սեփականատերերին ջրի ծախսի փոխհատուցմանը, օգտագործված ոռոգման ջրի դիմաց վարձավճարների հավաքագրմանը, ջրաբաշխման ընթացքում առաջացող մի շարք խնդիրների։ Ներկայացվել են առաջարկներ բարձրացված հարցերի հնարավոր լուծումների վերաբերյալ։

Ոռոգման ոլորտին անդրադառնալով՝ նախարարի տեղակալը կարևորել է հատկապես ոռոգման արդիական համակարգերի ներդրումը, ինչը կնպաստի ոչ միայն ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, այլև ֆերմերների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

Արման Խոջոյանի առաջարկով մասնակիցները պայմանավորվել են մինչև այս տարվա օգոստոսի 1-ը հավաքագրել գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների և այդ հողատարածքներում աճեցվող մշակաբույսերի վերաբերյալ բոլոր տվյալները և ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ հետագայում  համապատասխան հայեցակարգ մշակելու նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին