Կարևոր իրադարձություններ

«Հայաստան» դաշինքը որոշել է վերցնել պատգամավորական մանդատները

20 Հուլիս, 2021 18:54
«Հայաստան» դաշինքը որոշել է վերցնել պատգամավորական մանդատները

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Հայրենակիցնե՛ր

Սահմանադրական դատարանը, հուլիսի 17-ի իր որոշմամբ, Հայաստանում անցկացված արտահերթ ընտրությունների արդյունքն անվավեր չճանաչեց։ Անտեսելով վարչական ռեսուրսի օգտագործման, Սահմանադրության և օրենքների խախտման ու կեղծիքների բազմաթիվ փաստերը, տեղի տալով իշխող քաղաքական խմբակի ճնշումներին՝ Բարձրագույն դատարանը հրաժարվեց Սահմանադրությամբ իրեն վերապահված առաքելությունից։

Արդյունքում՝ երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու հնարավորությունը ոչ միայն չօգտագործվեց, այլև ճգնաժամն ավելի խորացավ՝ վտանգելով Հայաստանի պետականության գոյությունն ու երկրի տարածքային ամբողջականությունը։

Այս պայմաններում «Հայաստան» դաշինքը, կարևորելով դեռևս 2020 նոյեմբերին սկսված ժողովրդական շարժման և ընտրություններին իրեն ձայն տված առնվազն 270 հազար քաղաքացիների ակնկալիքներն ու պահանջը, որոշում է կայացրել վերցնել պատգամավորական մանդատները՝ ստանձնելով նաև խորհրդարանում պայքարը շարունակելու պատասխանատվությունը:

Մենք ամբողջությամբ գիտակցում ենք մեր պատասխանատվությունը մեր ընտրողների, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության առջև՝ այս կործանարար ընթացքը կասեցնելու, ազգային նպատակներին ծառայող նոր որակի իշխանություն ձևավորելու, հայության ամբողջական ներուժը համախմբելու, մեր երկիրը ամրապնդելու և զարգացման ուղի դուրս բերելու հարցում։

Պայքարը շարունակվում է»։

 

Լրահոս

Դիտել ավելին