Կարևոր իրադարձություններ

Համագործակցության հուշագիր՝ ԲՏԱ նախարարության և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի միջև

20 Հուլիս, 2021 18:19
Համագործակցության հուշագիր՝ ԲՏԱ նախարարության և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի միջև

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 18-ին այցելել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն, որը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում:

Նախարարի պաշտոնակատարը Լոռու մարզպետի պաշտոնակատար Արամ Խաչատրյանի, Դեբեդի համայնքապետ Աշոտ Ղազարյանի և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կենտրոնով, ծանոթացել կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերին, ՔՈԱՖ-ի գյուղական համայնքների արդիականացմանն ու թվայնացմանն ուղղված քայլերին։

Հայկ Չոբանյանը կարևորել է սոցիալական, կրթական, տնտեսական և հանրային ոլորտներում լավագույն տարածաշրջանային ծրագրերը գյուղական համայքներին փոխանցելու ՔՈԱՖ-ի դերը:

Գյուղական համայնքների զարգացմանն աջակցելու նպատակով այցի ընթացքում համագործակցութան հուշագիր է ստորագրվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի միջև։

Հուշագրով նախատեսվում է իրականացնել անհրաժեշտ համագործակցություն կողմերի միջև․ նպաստել բազմաոլորտ համակարգային խնդիրների լուծմանը, ապահովել գերարագ համացանցային կապի և ծառայությունների հասանելիություն, զարգացնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ենթակառուցվածքների կարողությունները ՀՀ հեռավոր տարածքների և գյուղական բնակավայրերի համար:

Այցի շրջանակներում հյուրերը նաև շրջայց են իրականացրել Դեբեդում, ծանոթացել են համայնքում առաջին անգամ ինտերնետի օպտիկական կապուղու անցկացմանն ու հանրային ծառայությունների թվայնացմանը վերաբերող նորություններին։

 

Լրահոս

Դիտել ավելին