Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

Կարևորում ենք թե՛ Եվրամիության, թե՛ Ֆրանսիայի հետ համագործակցության խորացումը. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոյին

20 Հուլիս, 2021 15:32
Կարևորում ենք թե՛ Եվրամիության, թե՛ Ֆրանսիայի հետ համագործակցության խորացումը. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոյին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության, պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին, որը պատգամավոր է ընտրված Ֆրանսիայից և Եվրոպական խորհրդարանում «La République en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավարն է: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը:

Նատալի Լուազոն նախագահ Սարգսյանին տեղեկացրել է, որ պատրաստվում է մեկնել նաև Արցախ, անձամբ ծանոթանալ իրավիճակին, խնդիրներին՝ հասկանալու Եվրոպական միության, Ֆրանսիայի աջակցության հնարավոր ուղղությունները Հայաստանին և Արցախին:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել եվրոպացի պատգամավորին՝ Հայաստան այցի և Արցախ մեկնելու մտադրության, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի խնդիրների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և իր դիտարկումները ներկայացրել Հայաստանի ապագա զարգացման ուղղությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ մեր երկրի հզորացման գործում կարևորում է թե՛ Եվրամիության, թե՛ Ֆրանսիայի աջակցությունը և թիրախային ոլորտներում համագործակցության խորացումը:

Երկրի զարգացման համատեքստում նախագահ Սարգսյանը կարևորել է սահմանադրական փոփոխությունների իրականացումը և հակակշիռների ու զսպումների արդյունավետ մեխանիզմներ ունեցող նոր սահմանադրության ընդունումը, որը կնպաստի ինչպես երկրի ժողովրդավարական առաջընթացին, այնպես էլ հնարավորություն կտա լիարժեք և արդյունավետ ներգրավել սփյուռքի մարդկային ներուժը Հայրենիքի զարգացման գործընթացներում: Որպես զարգացման մեկ այլ նախադրյալ՝ նախագահ Սարգսյանը նշել է բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կրթական ոլորտի առաջընթացի ապահովումը:

Նախագահ Սարգսյանն ու Եվրոպական խորհրդարանի պատգամավորը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ: 

Լրահոս

Դիտել ավելին