Կարևոր իրադարձություններ

Ջիվան Գասպարյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում

20 Հուլիս, 2021 13:11
Ջիվան Գասպարյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Հայկական մշակույթը կրել է անդառնալի կորուստ: Կյանքից հեռացել է Ջիվան Գասպարյանը, անուն, որ չունի մեկնաբանությունների կարիք ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Հայաստանի սահմաններից դուրս` Արևելքից Արևմուտք և Հարավից Հյուսիս:

Նա մի երաժիշտ էր, ում ձեռքերի մեջ հայոց ավանդական ծիրանափողը խոսում էր մեր ազգային կեցության ակունքներից: Սակայն, միաժամանակ, այդ հոգեպարար խոսքը հասկանալի, ընդունելի ու սիրելի էր դառնում տարբեր միջօրեականներում, ո՛չ միայն կատարողական բացառիկ վարպետության, այլև մարդկային ներաշխարհի ամենանուրբ լարերն արթնացնելու և մի համընդհանուր մագնիսական դաշտ ստեղծելու տաղանդի կախարդանքով: Հիրավի, նա մի գումարման նշան էր Հայոց հողի և մեզ շրջապատող աշխարհի միջև:

Ջիվան Գասպարյանն անցել է բազմամյա ու բեղմնավոր ստեղծագործական ճանապարհ: Նա իր վերելքը սկսել է դեռևս նախորդ դարի 30-ական, 40-ական թվականներից: Այդ ճանապարհը պսակվել է համաժողովրդական ճանաչմամբ ու սիրով, իսկ վաստակը` ինչպես մեր երկրի, այնպես էլ միջազգային հանրության կողմից արժանացել բարձր գնահատության:

Հայաստանում նրան շնորհվել է Ժողովրդական արտիստի կոչում: Նա Երևանի պատվավոր քաղաքացի էր և Հայրենիքին մատուցած ծառայությունների համար «Առաջին աստիճանի շքանշանի ասպետ», ինչպես նաև պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Բազում են նաև Ջիվան Գասպարյանի այն պարգևները, որոնց նա արժանացել է արտերկրում, այդ թվում` «Աշխարհի լավագույն երաժիշտ Womex-2002», «Ոսկե գլոբուս», «Endliees Vision» 41-րդ Grammy մրցանակաբաշխության անվանակարգով, «Վուդրո Վիլսոն» մրցանակ... Եվ այսպես` շատ ու շատ:

Ջիվան Գասպարյանի հույժ յուրահատուկ, դարերի շունչ արտածող և մարդկային հուզաշխարհի գաղտնարաններից բխող նվագը դարձավ պահանջված հատկապես համաշխարհային կինոարտադրության ոլորտում: Այնպիսի հանրահայտ ու տաղանդավոր ֆիլմերում, ինչպիսիք են «Գլադիատորը», «Դոկտոր Ժիվագո», «Ագռավը», «Ռուսական տուն» և ուրիշ կինոստեղծագործություններ, հնչում է Ջիվանի դուդուկը` հարստացնելով ձայնաշարը և հաղորդելով մի առանձնակի խորհուրդ:

Մեր հրաշալի վարպետը տարիներ շարունակ հանդես է եկել բազմաթիվ հեղինակավոր բեմերում՝ հավասարի պես համագործակցելով հանրաճանաչ ու ականավոր երաժիշտների հետ, որոնք հիացական կարծիքներ են հնչեցրել նրա մասին: Սակայն լավագույն բնորոշումը, թերևս, տվել է մեծ գրող Վիլյամ Սարոյանը. «Դու չես նվագում: Դու աղոթում ես»:

Մեր երկիրը վերջին հրաժեշտն է տալու Ջիվան Գասպարյանին: Երախտագիտությամբ ենք գլուխ խոնարհում նրա անցած մշակութային ստեղծագործական ճանապարհի առջև և մխիթարվում այն գիտակցությամբ, որ Ջիվան Գասպարյանի արվեստը մշտապես իր նվիրական տեղն է ունենալու բոլորիս սրտերում:

Մեծանուն արվեստագետի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում (Մեսրոպ Մաշտոցի պողոտա 46) հուլիսի 24-ին` ժամը 11:00-14:00: Աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:

 Կառավարական հանձնաժողով

 

Լրահոս

Դիտել ավելին