Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

Երևանյան բակերը բարեկարգվում են․ Քաղաքապետարան

19 Հուլիս, 2021 17:24
Երևանյան բակերը բարեկարգվում են․ Քաղաքապետարան

Երևանյան բակերում այս օրերին ընթացող բարեկարգման աշխատանքները մեկ նպատակ ունեն՝ հարմարավետ միջավայր ապահովել բնակիչների համար: Գործընթացն ավելի արդյունավետ է դառնում, երբ հենց համայնքի բնակիչներն են իրենց իսկ շրջակայքի բարեկարգման գաղափարներ տալիս: Երևանի քաղաքապետարանի գործարկած «Ակտիվ քաղաքացի» հարթակը լավ հնարավորություն էր բոլոր այն մարդկանց համար, ովքեր Երևանի զարգացման իրենց առաջարկներն ունեին. ծրագրեր, որոնք այսօր արդեն կյանքի են կոչվում:

«Մենք ընտանիքով որոշեցինք մասնակցել նախագծին. սկզբից քննարկեցինք մի քանի տարբերակներ, բայց կանգ առանք «Հաղթանակ» թաղամասում մարզադաշտ կառուցելու և ԼԷԴ լուսավորության վրա: Ակտիվ հաղթանակցիների ակտիվ քվերակության շնորհիվ երկու ծրագրերն էլ հաղթող դուրս եկան: Այժմ արդեն տրվել է մեկնարկը»,- նշում է «Ակտիվ քաղաքացի» նախագծի հաղթող Շուշանիկ Ղևոնդյանը:

«Հնարավորություն էր տրվում բոլոր երևանցիներին իրենց լուման ունենալ Երևանի զարգացման գործում: Ես և ընկերս՝ Արթուր Մարոնյանը, փորձեցինք անմասն չմնալ. կազմեցինք նախագիծը, հանդիպեցինք բնակիչների հետ, արժանացանք նրանց հավանությանը, որը հետագայում նրանք դրսևորեցին իրենց քվերակությամբ: Ինչո՞ւ ընտրեցինք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը, քանի որ մշտապես ունեցել ենք այն համոզմունքը, որ վարչական շրջանները պետք է զարգանան համաչափ»,- նշում է «Ակտիվ քաղաքացի» նախագծի հաղթող Տարոն Միրոյանը:

Երևանի քաղաքապետարանի ընթացիկ ծրագրերով ևս վարչական շրջաններում հանգստի գոտիներ են ստեղծվում և բարեկարգվում են բակերը: Նախագծերի հիմքում դրված է համաչափ զարգացման սկզբունքը:

«Դավթաշենում այս տարի բարեկարգելու ենք բակային 3 տարածք և ամենամեծ ծրագիրը, որ այս տարի իրականացնելու ենք, նոր ֆուտբոլի դաշտի կառուցումն է: Նախագիծը բաղկացած է երկու փուլից: Հաջորդ փուլում նույն վայրում կառուցելու ենք բասկետբոլի դաշտ և վազքուղի»,- ասում է Երևանի Դավթաշեն Վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սաշա Կատվալյանը:

«Այս տարվա քաղաքային ծրագրով ամբողջությամբ վերանորոգվել է 11-րդ փողոցի հարակից այգին՝ մոտ 5000 քմ: Ամբողջությամբ սալիկապատվել է, նոր ԼԷԴ լուսատուներ են դրվել, նստարաններ, երեխաների համար խաղահրապարակներ են կառուցվել»,- ասում է Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը:

«Ամենամեծ ծավալի բակային բարեկարգման ծրագրերն են իրականացվում այս տարի Կենտրոն վարչական շրջանում: Եվ, հաշվի առնելով այն միջավայրը, որն առկա է կենտրոնի բակերում, բնակիչների, հարևանների միմյանց հետ շփվելու տաղավարային, բակային զբոսանքները, մենք առավելագույն պայմաններ ենք փորձում ապահովել բնակիչների համար»,- նկատում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:

Ավտոտնակների փոխարեն խաղահրապարակներ. այս մոտեցումն արդեն մեծ կիրառում է գտել տարբեր վարչական շրջաններում: Բնակիչների հետ տարվող բանակցությունների շնորհիվ ավտոտնակներով կամ ինքնակամ կառույցներով տարիներ շարունակ զբաղեցված տարածքները բարեկարգվում են և հանձնվում բնակիչների տնօրինմանը:

«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այս տարի նախատեսել ենք բարեկարգել բակային 3 տարածք: Բակերը վերակառուցվում են հիմնականում ավտոտնակների, ցանկապատ տարածքների հաշվին: Ձգտում ենք, որ երեխաների և տարեց մարդկանց հանգիստը լավ կազմակերպվի»,- ասում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը:

«Արդեն երկրորդ տարին է՝ շարունակում ենք այս նախաձեռնությունը: Անցած տարի էլ ենք ունեցել բակեր, որոնք ավտոտնակներից ազատել ենք, և այսօր հանգստի հարմարավետ գոտիներ են այդ տարածքներում: Այս տարի ևս 4-5 բակ ենք վերանորոգում: Ընտրում եմ ամենավատ, ամենաանբարեկարգ բակերը և ամենախիտ ավտոտնակներով լցվածները»,- նշում է Երևանի էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը:

Համայնք-մասնավոր հատված համագործակցության բազմաթիվ օրինակներ կան. սոցիալական պատասխանատվության սկզբունքը կիրառում է գտել նաև հանգստի գոտիների ստեղծման գործում: Ներքին Չարբախը շուտով հանգստի հարմարավետ գոտի կունենա:

«Ես այստեղ եմ դպրոց գնացել, իմ ընկերներն այստեղ են, իմ ծնողներն այստեղ են ապրում, մի խոսքով՝ իմ սիրտն ու հոգին Ներքին Չարբախին է կապված: Ոչ մեկս հավիտյան չենք ապրում, բայց մեր անունը հավիտյան թողնում ենք գործով: Իմ մարզիչն ասում է. «Ոչ մի բան ավելի հին չի, քան երեկվա հաջողությունը»: Մարդ պետք է մի բան թողնի, որ այդ հաջողությունը միշտ պահպանվի»,- ընդգծում է բռնցքամարտիկ, Երևանի պատվավոր քաղաքացի Արթուր Աբրահամը:

«Մասնավորի հետ համագործակցելով՝ համայնքն էլ ավելի շուտ կզարգանա և էլ ավելի առաջ կգնանք: Եվ, որ ամենակարևորն է, հողատարածքը պատկանում էր Արթուր Աբրահամին, որը նա նախկինում գնել էր և այդ տարածքը չօգտագործեց ուրիշ նպատակներով, այլ ծառայեցրեց համայնքին, բնակչությանը»,- նկատում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։

Քաղաքային իշխանության ուղենիշն է՝ Երևանը դարձնել անվտանգ, առողջ, ապրելու, գործելու և հանգստի համար հարմարավետ կենսամիջավայր, իսկ այցելուների համար՝ գրավիչ ճամփորդական ուղղություն: Բոլոր այս նախաձեռնությունների մեկնարկը տրված է, դրանց հաջողությամբ կյանքի կոչելու հիմքում էլ դրված է բնակիչների հետ աշխույժ համագործակցությունը:

Լրահոս

Դիտել ավելին