Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանն ամեն ինչ անելու է տարածաշրջանում խաղաղությունը խոչընդոտելու համար. Փաշինյան

15 Հուլիս, 2021 11:39
Ադրբեջանն ամեն ինչ անելու է տարածաշրջանում խաղաղությունը խոչընդոտելու համար. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում խոսեց սահմանային իրավիճակի մասին՝ նշելով, որ ի հեճուկս միջազգային ասպարեզում արվող խաղաղասիրական հայտարարությունների՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի տարածաշրջանում խոչընդոտի խաղաղությունը:

«Խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցավ և տեղի է ունենում այն, ինչ մենք կանխատեսում էինք՝ ասելով, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը` ի հեճուկս միջազգային ասպարեզում արվող խաղաղասիրական հայտարարությունների, ամեն ինչ անելու է տարածաշրջանում խաղաղությունը խոչընդոտելու համար: Սա անելու է մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է՝ ցույց տալով, թե Հայաստանը և Արցախը իբր դեմ են խաղաղությանը, սահմանազատման ու սահմանագծման գործընթացներին, և այս ֆոնին ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ է ստեղծելու, ինչի դրսևորումները նաև տեսնում ենք վերջին օրերին, բայց դա տեսել ենք նաև վերջին ամիսներին:

Մասնավորապես` Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով գործող աշխատանքային խումբը բավականին կառուցողական և արդյունավետ աշխատանք է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ և Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները, այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի մասին, որևէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի, և որ առավել կարևոր է՝ հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ, որը բացահայտում է, թե ինչ է նշանակում և ինչպես պետք է իրագործվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը։»,- ասաց Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին