Կարևոր իրադարձություններ

Մինսկի խումբը գործընթացի վերականգնման ցանկություն է ցույց տալիս. ինչու ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ը մերժեցին Ալիևի հրավերը

13 Հուլիս, 2021 09:40
Մինսկի խումբը գործընթացի վերականգնման ցանկություն է ցույց տալիս. ինչու ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ը մերժեցին Ալիևի հրավերը

Փորձագետների կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպանները մերժել են Շուշի այցելելու Ադրբեջանի հրավերը, քանի որ չեն համարում, որ Արցախյան հիմնախնդիրը լուծված է, և շահագրգռված են համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացի վերսկսմամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշել է, որ եռանախագահողների այդ քայլը բանակցային գործընթացի վերագործարկմանը չխոչընդոտելու ցանկության ցուցադրում է:

«Ենթադրում եմ Արցախի օկուպացված տարածքներ Ադրբեջանի հրավերով չայցելելու շարժառիթը այն է, որ տվյալ երկրները չվնասեն հակամարտության կարգավորման ապագա գործընթացին, որն իրենք ցանկանում են վերագործարկել: Հակառակ դեպքում իրենց այցելությունը շատ լուրջ բացասական ազդեցություն կարող էր ունենալ կարգավորման գործընթացին վերադառնալու հեռանկարների վրա և կարող էր ընկալվել որպես ուղերձ նույն այդ երկրների կողմից, որ իրենք համաձայն են Ադրբեջանի այն գնահատականի հետ, թե «հիմնախնդիրը լուծված է», - մեկնաբանել է Տարոն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք նշված քայլով Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերակենդանացման կամ վերաակտիվացման նշաններ են ցույց տալիս, Տարոն Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ սա ավելի շուտ վերաակտիվացման ցանկության նշան է կամ վերաակտիվացմանը չխոչընդոտելու ցանկության ցուցադրում:

Հովհաննիսյանի խոսքով՝ եթե եռանախագահների դեսպանները գնային Շուշի՝ դրանով ցույց կտային, որ իրենք այդքան էլ շահագրգռված չեն Ղարաբաղյան գործընթացի վերականգնմամբ, այլ, օրինակ, ընդունում են, որ այս նոր ձևավորված ստատուս-քվոն հակամարտության լուծում է: Բայց, քանի որ համանախագահներն իրենց հայտարարություններով ասել են, սա իրենց համար լուծում չէ, ու բնական է, որ մեր շահերից ելնելով չէ, որ նման հայտարարություններ են անում, այլ իրենց շահերից ելնելով, հետևաբար պրոցեսի մեջ մնալու միակ արդյունավետ գործիքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է:

Տարոն Հովհաննիսյանը շեշտել է, որ խոսքը հիմնականում Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների մասին է, քանի որ Ռուսաստանն այսպես թե այնպես պրոցեսի մեջ է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին