Կարևոր իրադարձություններ

Հակված ենք մեծ, լայնածավալ ներդրումներ կատարել Հայաստանում. Էդուարդո Էռնեկյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ (տեսանյութ)

12 Հուլիս, 2021 18:50
Հակված ենք մեծ, լայնածավալ ներդրումներ կատարել Հայաստանում. Էդուարդո Էռնեկյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյան, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն Էռնեկյան, ողջունում եմ Ձեզ Երևանում: Ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար: Ձեր այցը, այսպիսի հանդիպումները միշտ կարևոր են, որովհետև Դուք Հայաստանի Հանրապետությունում կարևոր ներդրողներից մեկն եք և մասնավորապես՝ Սփյուռքի կարևորագույն ներդրողներից մեկը Հայաստանի Հանրապետությունում: Հետևաբար՝ Ձեր ներդրումային տրամադրությունները, կարծում եմ, կանխորոշում են նաև ընդհանուր ներդրումային տրամադրությունը Հայաստանի Հանրապետությունում:

Մեր երկիրը շատ դժվար փորձությունների միջով է անցել: Ընդամենը օրեր առաջ՝ հունիսի 20-ին տեղի ունեցած ընտրություններում, մեր կառավարությունը վերահաստատել է իր ունեցած մանդատը «Ապագա կա» կարգախոսի ներքո: Եվ հույս ունեմ, որ Ձեր աշխատանքային օրակարգն ու տրամադրությունը ևս ուղղված է հենց մեր երկրի տնտեսական լավատեսությունը և ապագայի նկատմամբ հավատը վերականգնելուն: Այստեղ Ձեր անձնական դերակատարումը շատ կարևորում ենք»:

Իր հերթին, Էդուարդո Էռնեկյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ և հավելել. «Պարոն վարչապետ շատ զգացված եմ Ձեր խոսքերից: Ցավոք, պանդեմիան փոփոխություններ մտցրեց մեր բոլորի օրակարգում՝ թե՛ ժամանակի, թե՛ տարածության, թե՛ չվերթների առումով, բայց, կարծես թե, դա արդեն հաղթահարում ենք, և ես այստեղ եմ:

Պարոն վարչապետ, չէի ուզում, որ երկար ժամանակ անցներ, ուզում էի հնարավորինս արագ գալ և Ձեզ շնորհավորել հաղթանակի կապակցությամբ, որովհետև դա շատ կարևոր է, և մենք ի սկզբանե աջակցում էինք Ձեր հաղթանակը:

Մենք Հայաստանում տարբեր ոլորտներում ենք ներդրումներ իրականացնում: Եվ հակված ենք շարունակել, կատարել մեծ, լայնածավալ ներդրումներ Հայաստանում: Հիմա բանակցություններ ենք վարում մի բանկի հետ: Տեսնում ենք Հայաստանում տուրիզմի բնագավառի լավ աճ, և բարեբախտաբար, շուտով նոր ներդրում կառաջարկենք օդանավակայանաշինության բնագավառում: Իմ զարմիկ Մարտինը, ով ներկայումս ղեկավարում է այդ ամենը, շատ շուտով կժամանի Հայաստան, որպեսզի կապ հաստատի այն անձի հետ, ում Դուք կնշեք, բնականաբար, քննարկելու ներդրումային ծրագիրը:

Մենք պետք է մեծ գոհունակություն հայտնենք Հայաստանում գինու և խաղողագործության բնագավառի զարգացումների կապակցությամբ, որ կարողացել ենք կանխատեսել, ներդնել և բարեփոխել այն: Բարեբախտաբար, այսօր այդ գինիները տարածված են ամբողջ Եվրոպայում:

Չեմ ուզում Ձեզնից շատ ժամանակ խլել, պարոն վարչապետ, ես Ձեր տրամադրության տակ եմ»:

Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո էռնեկյանը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը և հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող և առաջիկայում նախատեսվող այլ բիզնես ծրագրերի շուրջ։

 

Լրահոս

Դիտել ավելին