Կարևոր իրադարձություններ

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ում ունենք լուրջ դրական տեղաշարժ. Ռոմանոս Պետրոսյան

09 Հուլիս, 2021 22:39
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ում ունենք լուրջ դրական տեղաշարժ. Ռոմանոս Պետրոսյան
Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ստորաբաժանումների աշխատանքների ամփոփման շրջանակում այս անգամ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակազմին։
 
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենի ժ/պ Ա․ Եսոյանը նախարարի պաշտոնակատարին է ներկայացրել վերջին ամիսների աշխատանքների արդյունքները, հիմնարկի նոր կառուցվածքային ստորաբաժանումները և դոնոր կազմակերպությունների հետ տարվող ընթացիկ աշխատանքները։
 
Այս պահին ԲԾԻԳ-ի կողմից իրականացվում են 5 ծրագրեր՝ «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում», «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում», «Ապագա առաջնորդների ներգրավում. երիտասարդների համար հարմարվողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում», «Կենսաբանական անվտանգության չորրորդ ազգային զեկույց», «Պատրաստվածության աջակցություն»։
 
Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հետաքրքրվել է յուրաքանչյուր ծրագրի ընթացքով և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների կողմից վերոնշյալ ծրագրերին տեխնիկական և մեթոդական աջակցություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել։
 
Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ կատարված և իրականացվող աշխատանքների բովանդակալից ներկայացման համար:
 
«Ակնառու է, որ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ում ունենք լուրջ դրական տեղաշարժ և աշխատանքի արդյունավետության բարձրացում։ Ես դա վերագրում եմ համախմբված թիմային աշխատանքին, և ինչու ոչ՝ գրասենյակի տնօրենի պաշտոնակատարի և տնօրենի տեղակալի անձնական որակներին և իրենց առաջնորդական կարողություններին։
 
ԲԾԻԳ-ն ունի նախարարության կենտրոնական ապարատի լիարժեք աջակցությունը թե՛ նյութատեխնիկական, թե՛ մարդկային ռեսուրսների տեսքով։ Կարևորը, այն բոլոր ծրագրերը, որոնք նախանշված են առաջիկայում, բարձր պրոֆեսիոնալիզմով և պահանջված նորմերին խիստ համապատասխան առաջ մղվեն՝ հանուն շրջակա միջավայրի պահպանության և կայուն կառավարման»,- ասել է Ռոմանոս Պետրոսյանը։
 

Լրահոս

Դիտել ավելին