Կարևոր իրադարձություններ

Հայկ Չոբանյանն ու Ժոնաթան Լաքոտը քննարկել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի մի շարք առանցքային հարցե

09 Հուլիս, 2021 22:00
Հայկ Չոբանյանն ու Ժոնաթան Լաքոտը քննարկել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի մի շարք առանցքային հարցե

Ֆրանսիայի հետ բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում համագործակցության ընդլայնման նպատակով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:

 

Ընդգծելով տեխնոլոգիական ոլորտի ուրույն դերը ժամանակակից աշխարհում՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը Խորհրդային Միության գերազանց գիտական ավանդույթների և ՏՏ ընկերությունների ներուժի հիման վրա բավականին առաջատար դիրքեր է զբաղեցնում տարածաշրջանում, հատկապես տեղեկատվական և ինժեներական տեխնոլոգիաների ասպարեզում: Սակայն, հաշվի առնելով արդի տեխնոլոգիական զարգացման մեծ արագությունն ու ժամանակակից տնտեսության պահանջները, որակավորված մասնագետների գիտելիքների մշտական թարմացման պահանջ կա: Չոբանյանը հավելել է նաև, որ ներկայումս ՀՀ-ի համար ստրատեգիական կարևորություն ունի բարձր տեխնոլոգիական արտադրության բնագավառի զարգացումը:

Հաշվի առնելով Ֆրանսիայի հարուստ փորձը այս ոլորտում՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ մտադիր է առաջիկայում այց իրականացնել Ֆրանսիա, հանդիպումներ ունենալ ֆրանսիական գիտական և տեխնիկական հետազոտությունների համար պատասխանատու մարմինների, կազմակերպությունների և կրթօջախների հետ:

Դեսպան Ժոնաթան Լաքոտը կարևորել է նախարարի պաշտոնակատարի նախատեսված այցը Ֆրանսիա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում փոխգործակցության նոր հեռանկարներ զարգացնելու առումով, և նշել է, որ դեսպանությունը կազմակերպչական և խորհրդատվական աջակցություն կտրամադրի՝ այցը բարձր մակարդակով իրականացնելու համար: Դեսպանն ընդգծել է, որ այցելությունը կարող է հատկապես արդյունավետ լինել համագործակցության նոր ուղղությունների բացահայտման առումով, ինչպիսիք են օրինակ՝ արհեստական բանականությունը, արբանյակային ծրագրերը, միջուկային արդյունաբերությունը և այլն:

Հայկ Չոբանյանը բարձր է գնահատել է Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի «Արհեստական բանականություն» մագիստրոսական ծրագրի մեկնարկը Հայաստանում ֆրանսիական համալսարանում: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որի այցի շրջանակներում նախատեսում է նաև մեկնել Թուլուզ` ծանոթանալու քաղաքի գիտատեխնիկական մեծ ներուժին, քննարկելու Թուլուզի Համակարգչային գիտության ազգային ինստիտուտի կողմից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային գերհզոր սուպեր համակարգիչ նվիրելու հետ կապված հարցերը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունակությունների զարգացման ու նոր հմտությունների ձեռքբերման նպատակով հայ և ֆրանսիացի մասնագետների համար փոխայցերի, համատեղ դրամաշնորհային ծրագրերի իրականացման, էկոհամակարգի նոր ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման ուղղությամբ միմյանց խորհրդատվական աջակցության տրամադրելու հետ կապված հարցերին:

 

Լրահոս

Դիտել ավելին