Կարևոր իրադարձություններ

Վարչապետի առաջարկած արտախորհրդարանական ուժերի հարթակը չի կարող արդյունավետ գործող մարմին դառնալ. Արման Բաբաջանյան

09 Հուլիս, 2021 20:12
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Վարչապետի առաջարկած արտախորհրդարանական ուժերի հարթակը չի կարող արդյունավետ գործող մարմին դառնալ. 	 Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Շարունակում եմ մնալ իմ այն համոզման, որ վարչապետի առաջարկած արտախորհրդարանական ուժերի հարթակը չի կարող արդյունավետ գործող մարմին դառնալ։ Չափազանց կարևոր եմ համարում համագործակցությունը, նույն հարթակում գործելու հնարավորությունը բացառապես այն ուժերի հետ, որոնց հետ ունենք գաղափարական ընդհանրություն, Հայաստանի ապագայի, ժողովրդավարական հեռանկարի վերաբերյալ նույնական պատկերացում և ընկալում։

Արտախորհրդարանական որևէ հարթակի գլխավոր և առաջնահերթ առաքելությունը պետք է լինի մեր երկրի ժողովրդավարական ուղին և ինքնիշխանությունը երաշխավորող բոլոր ուղղություններով բարեփոխումների օրակարգն առաջ մղելը։

Ամենայն հարգանքով այս ձևաչափում ընդգրկված բոլոր քաղաքական գործիչների հանդեպ, բայց չենք կարող նույն սեղանի շուրջ քննարկումներ ծավալել այնպիսի ուժերի հետ, որոնց համար Հայաստանի պետականությունը, անկախությունը անքննելի արժեք չեն, ովքեր Հայաստանը միութենական պետության մաս դարձնելու անթաքույց ցանկություն են հայտնել, ովքեր վերջին ամիսներին Հայաստանի անվտանգության խնդիրները ներքին, ազգային ուժերով առողջացնելու փոխարեն Սյունիքում օտարերկրյա նոր ռազմաբազա հիմնելու քարոզով էին զբաղված, ում համար երկրում արմատական բարեփոխումների մասին պատկերացումները չեն ելնում Հայաստանի ժողովրդավարական և ինքնիշխան ապագան անշրջելի դարձնելու նպատակադրմամբ։

Մենք մնում ենք այն համոզման, որ Ազգային ժողովից դուրս արդյունավետ և գործուն մարմին ձևավորելու համար անհրաժեշտ է ստեղծել ժողովրդավարական միևնույն արժեքային հենք ունեցող ուժերի հարթակ, որը էապես կօգնի նաև արտահերթ վերջին ընտրությունների արդյունքում ձևախեղված քաղաքական դաշտի առողջացմանն ու դաշտի հավասարակշռմանը։

Միևնույն ժամանակ հաջողություն և արգասաբեր ընթացք եմ մաղթում վարչապետի հետ հանդիպմանն այսօր մասնակցած արտախորհրդարանական քաղաքական ուժերի առաջնորդներին՝ ստեղծվող նոր ձևաչափի/հարթակի առթիվ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին