Կարևոր իրադարձություններ

ՍԴ-ն մերժեց Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը քննելու միջնորդությունը

09 Հուլիս, 2021 12:19
ՍԴ-ն մերժեց Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը քննելու միջնորդությունը

«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով ՍԴ նիստի մեկնարկին միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով քննել, լուծել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի` նիստին մասնակցելու անհնարինության հարցը: Դիմումները ներկայացնելու փուլում նման միջնորդություն էր ներկայացրել նաև «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը: ՍԴ-ն, սակայն, մերժեց այդ հարցը քննելու միջնորդությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի մեկնարկին ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նախ տեղեկացրեց, որ ՍԴ որոշմամբ՝ գործով որպես երրորդ անձ է ներգրավվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանը ներկայացրեց միջնորդություն՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը լուծելու մասին:  Նա նշեց, ՔՊ կուսակցության ԱԺ պատգամավորների ընտրական ցուցակի առաջին համարը Նիկոլ Փաշինյանն է, և ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նախկինում հանդիսացել է Փաշինյանի ներկայացուցիչը՝ ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև ՄԻԵԴ-ում: «Գտնում ենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել գործի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ՝ ՍԴ մասին օրենքի համաձայն՝ ՍԴ-ի դատավորի գործի քննությանը մասնակցելու անհնարինությունն առկա է, երբ նա կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ»,-ասաց Զոհրաբյանը:

ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը հետաքրքրվեց, թե արդյոք Զոհրաբյանը տեղյա՞կ է, որ դիմումի ընդունման փուլում «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի կողմից ներկայացված էր նույնաբովանդակ միջնորդություն:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նշեց, որ իր կողմից ներկայացված միջնորդությունը՝ թե որակապես, թե բովանդակային առումով այլ հիմքերին է վերաբերում: «Մենք գտնում ենք, որ բարձր դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն ունի կանխակալ վերաբերմունք «Հայաստան» դաշինքի առաջնորդների, նաև դաշինքի պատգամավորի թեկնածուների ցուցակի 10 համարներից 3-ի նկատմամբ, այդ թվում՝ ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Գրիգորյանի կողմից ամեն կերպ պաշտպանվում էր 300.1 հոդվածով քրեական հետապնդումը…. »,-ասաց նա ու հավելեց, որ միանում է Զոհրաբյանի կողմից ներկայացված միջնորդությանը:

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն ասաց. «Այս միջնորդությունն այս փուլում ՍԴ-ի կողմից քննության առարկա չի կարող դառնալ, քանի որ ՍԴ մասին օրենքի համաձայն՝ այս հարցը քննվում է գործը վարույթ ընդունելու որոշման շրջանակներում: Այդ փուլը մենք արդեն անցել ենք: Ուստի այս փուլում այս հարցը դատարանի կողմից ընդհանրապես քննության առարկա չի կարող դառնալ»:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն, անդրադառնալով  դիմող կողմի փաստարկին, թե ՔՊ-ի՝ որպես երրորդ անձ ներգրավվելուց հետո իրենք իրավունք են ստանում կրկին օգտվել նման իրավունքից, ասաց, որ դա անհիմն է: «Եթե կողմը կարծում էր, որ ՍԴ դատավորներից որևէ մեկը կանխակալ վերաբերմունք ունի, ապա ողջամտորեն կարող էր ներկայացնել միջնորդությունը դիմումի հետ միասին: Հետևաբար` այդ դատավարական ընթացակարգից դիմող կողմը չի կարող օգտվել: Փաստաբանության ոսկե կանոններից մեկն է՝ չի կարելի նույնականացնել փաստաբանին և իր վստահորդին»,-ասաց Բադասյանը:

ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը համաձայնեց Հրայր Թովմասյանի հետ՝ նշելով, որ այս փուլում չեն կարող քննության առարկա դարձնել դատավորի մասնակցության անհնարինության հարց, ավելին՝ նման հարց կարող է բարձրացնել միայն ՍԴ դատարանի որևիցե դատավոր:  Դատավոր Արևիկ Պետրոսյանը, սակայն, չհամաձայնեց վերջին դիտարկման հետ: Նախագահ Դիլանյանը հայտնեց, որ բովանդակային առումով խնդիրը քննարկվել է: ՍԴ-ում արդեն կա որոշում՝ այդ կոնտեքստում: Կա նաև մեկ այլ խոչընդոտ՝ ՍԴ-ում առկա է պրակտիկա, որ որևէ դիմում վարույթ ընդունելուց հետո չեն անդրադառնում դատավորների մասնակցության անհնարինության հարցին: Ըստ այդմ՝ առաջարկվեց չքննարկել միջնորդությունը:  Ըստ էության, դատավորները համաձայնեցին այն  չքննարկելուն:

 

Լրահոս

Դիտել ավելին