Կարևոր իրադարձություններ

Փաթեթավորված շաքարավազի 1 կիլոգրամը մայիսի 460 դրամի փոխարեն վաճառվում է 445 դրամով. ՄՊՀ

08 Հուլիս, 2021 20:28
Փաթեթավորված շաքարավազի 1 կիլոգրամը մայիսի 460 դրամի փոխարեն վաճառվում է 445 դրամով. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Անի Սմբատյանն «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի՝ «Ֆեյսբուք»-ի էջի գրառումը՝ նշելով, որ մայիսի համեմատ իջել է փաթեթավորված շաքարավազի գինը. մայիսին այն վաճառվել է 1 կգ-ն 460, այժմ՝ 445 դրամով:

«Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան վերջին գրառմամբ հերթական անգամ մտացածին և ոչ ճշգրիտ, հանրությանը մոլորեցնող տեղեկություններ է հրապարակել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեության վերաբերյալ: Անդրադառնանք դրանցից մի քանիսին, քանի որ որոշ տեղեկություններ այնքան հեռու են իրականությունից, որ նույնիսկ հարկ չեմ համարում դրանց անդրադառնալ:

Նախ սկսենք այն փաստից, որ տնտեսական մրցակցության հարաբերությունների մասին դատողություններ անող տնտեսագետն անգամ տեղյակ չէ, որ ս.թ. մայիսի 31-ից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին » օրենքը փոխվել է, և իր հրապարակման մեջ հղում է անում չգործող օրենքի դրույթների:  Ի դեպ,  նաև տեղեկացնենք, որ ի թիվս այլ կարգավորումների ՏՄՊՊՀ-ն վերանվանվել է և այժմ կոչվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով,- նշել է Անի Սմբատյանը հավելելով, որ, գործող օրենսդրությամբ, առևտրային ցանցերն այլևս չեն կարող համարվել գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, կատարել գերիշխող դիրքի չարաշահումներ (ստեղծել արհեստական պակասուրդ), նրանք կարող են ունենալ բանակցային ուժեղ դիրք, որի համար օրենքով սահմանված են այլ կարգավորումներ:

«Բացահայտ անհեթեթություն է Պարսյանի այն պնդումը, թե առևտրային ցանցերը կգ-ով վաճառվող շաքարավազի արհեստական պակասուրդ են ստեղծել, որպեսզի փաթեթավորված շաքարավազի իրացմամբ գերշահույթներ ստանան, քանի որ այս պարագայում սահմանափակումների կիրառումը նաև փաթեթավորված ապրանքի մասով, ինչի մասին նշում է հեղինակը,  գերշահույթ հետապնդող տնտեսվարողի տրամաբանության մեջ չի տեղավորվում:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ սուպերմարկետները, խանութներն առհասարակ իրավունք չունեն արհեստական սահմանափակումներ մտցնել և հետո հանել այդ սահմանափակումները՝ ի նկատի ունենալով, որ առևտրային ցանցերի կողմից կիրառվող  շաքարավազի վաճառքի քանակական սահմանափակումները, հայտնում ենք, որ ՀՀ օրենսդրությունը նման արգելք չի սահմանում»,- ընդգծել է ՄՊՀ նախագահի մամուլի քարտուղարը՝ տնտեսագիտության տեսանկյունից անհասկանալի համարելով, թե շուկայում ընդհանուր առավելագույնը 10 տոկոս իրացում ապահովող սուպերմարկետներն առհասարակ ինչպես կարող են ստեղծել արհեստական պակասուրդ:

Նրա գնահատմամբ՝ իրականությանը չի համապատասխանում նաև այն պնդումը, թե  փաթեթավորված շաքարավազի գների արհեստականորեն բարձրացում է տեղի ունեցել: «Հարկ է ընդգծել, որ մայիս ամսվա համեմատ իջել է նաև փաթեթավորված շաքարավազի գինը: Մայիսին այն վաճառվում էր 1 կգ-ն 460, այժմ 445 դրամով:

Վերջաբանի փոխարեն փաստենք, որ այս համատեքստում հեղինակը պրոֆեսիոնալիզմի մասին դատողություններից առնվազն պետք է զերծ մնա և վստահ պնդումներ կատարելուց առաջ գոնե ծանոթանա դաշտում կատարված օրենսդրական  փոփոխություններին»,- նշել է Անի Սմբատյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին