Կարևոր իրադարձություններ

Չեմ կարող չընդգծել, որ շատ ծանր փուլ է Ձեզ բաժին հասել․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Խաչատուր Քոքոբելյանի հետ (տեսանյութ)

08 Հուլիս, 2021 17:38
Չեմ կարող չընդգծել, որ շատ ծանր փուլ է Ձեզ բաժին հասել․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Խաչատուր Քոքոբելյանի հետ (տեսանյութ)

Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին:

Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Քոքոբելյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Նախ ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը չի մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց, այնուամենայնիվ, մենք քաղաքական կյանքի ներկա փուլում շատ կարևոր ենք համարում արտախորհրդարանական ուժերի հետ մշտական հաղորդակցության ապահովումը: Կուզենայի լսել նաև Ձեր դիրքորոշումները և պատկերացումները Հայաստանի քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ:

Իհարկե, արտահերթ խորհրդարանական ընտրությունները ներքաղաքական ճգնաժամը հաղթահարել են, բայց դա չի նշանակում, որ այն մարտահրավերները և օրակարգը, որոնք մեր երկրի առաջ ծառացել են պատերազմի հետևանքով, հաղթահարված են: Մենք բազմաթիվ մարտահրավերներ ունենք և կարծում ենք, որ այդ մարտահրավերների հաղթահարման համար պետք է հնարավորինս ներգրավենք մեր հանրային-ազգային լավագույն ներուժը:

Ես կուզենայի լսել Ձեր տեսակետները քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ և նաև Ձեր մոտեցումները, թե ինչ կարող ենք անել, որպեսզի կառավարությունը և արտախորհրդարանական ուժերը լինեն փոխադարձաբար ավելի լսելի և ավելի տեսանելի:

Խաչատուր Քոքոբելյան – Նախ շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար և նրա համար, որ հնարավորություն կունենանք նաև Ձեր նշած այդքան կարևորագույն հարցերի շուրջ խոսելու: Ուզում եմ շնորհավորել ընտրությունների կապակցությամբ, անշուշտ կարևոր են դրանք մեր երկրի համար, նաև՝ միջազգային գնահատականների: Բնական է, որ կլինեն առանձին խնդիրներ: Դա պետք է ըմբռնենք և հասկանանք:

Իհարկե, կուզենայի, որ ընտրարշավը մի քիչ այլ կերպ ընթանար, չեմ թաքցնի: Եվ, միգուցե, դա էր պատճառներից հիմնականը, որ մենք չցանկացանք մասնակցել՝ ներկապնակի առումով: Բայց քաղաքական առումով նաև չեմ կարող չընդգծել, որ շատ ծանր փուլ է Ձեզ բաժին հասել՝ առանց այլևայլության: Ես ոչ միայն պատերազմը նկատի ունեմ, այլ ընդհանրապես՝ մեր նորանկախ Հայաստանի պատմության կյանքում՝ ինստիտուտների, տարբեր գործոնների հետ կապված:

Ամենակարևոր խնդիրները, որ մամուլում հետևում ենք և՛ ձեր տեսակետներին, և՛ քաղաքական ուժերի մոտեցումներին, բնականաբար, այսօր անվտանգության խնդիրն է, գերիների խնդիրն է: Բայց ես կուզենայի, որ անվտանգության խնդիրը դիտարկենք նաև բազմավեկտոր հարթությունում. նկատի ունեմ այսօրվա զարգացող և փոփոխվող աշխարհին համընթաց, որովհետև բարեփոխումները և ընդհանրապես՝ փոխակերպումները մեզնից դուրս են, անկախ մեզնից: Այնուհանդերձ, պետք է արձանագրենք, որ այս փուլը դաժան փուլ էր, և չեմ կարծում, որ որևիցե մեկը չի գիտակցում, որ դա, անկախ ամեն ինչից, ծանր պատասխանատվություն է թե՛ մեր հայրենակիցների, թե՛ առավել ևս Ձեզ համար: Պետք է դա գիտակցել և հասկանալ, թե Հայաստանի զարգացման ինչպիսի մոդել ենք առաջարկում: Մասնավորապես՝ ես իմ տեսակետները կնշեմ: Չեմ կարծում, որ դա Ձեզ համար նորություն է լինելու, բայց նաև կուզենայի կառավարության տեսակետների մասին խոսել:

Ընդհանրապես շատ կարևոր եմ համարում նմանատիպ քննարկումները: Մենք պետք է այդ մոդելով առաջ շարժվենք: Միայն փակ դռների հետևում հնարավոր չէ այդ խնդիրները լուծել, ինչը նաև այլ հնարավորություններ է տալիս թեկուզ անհասկանալի իրավիճակների հասարակական ընկալման դեպքում և այլն:

Ակնհայտ է, որ Հայաստանը նոր ժամանակաշրջան է մտնում, ինչպես ամբողջ աշխարհը, այդ թվում՝ նաև COVID-ի հետ կապված, համաշխարհային ընդհանուր տնտեսությանը մեծ հարվածի հետ կապված, աշխարհաքաղաքական վերադասավորումների հետ կապված, որը տակավին մի ամսվա պատմություն է. ես նկատի ունեմ «Մեծ յոթնյակի» մոտեցումները, Չինաստանի մոտեցումները: Մենք չենք կարող այդ ամենից անմասն մնալ: Եվ մենք, գտնվելով ծայրաստիճան փխրուն իրավիճակում՝ անվտանգության և տնտեսության առումով, բնական է, որ չենք կարող ականջալուր չլինել, թե ինչպես է զարգանում աշխարհը և ինչ ընթացք է ստանում:

Բնականաբար, մեր բոլորի երազած Հայաստանը դա զարգացած Հայաստանն է՝ իր տնտեսությամբ և անվտանգային համակարգով: Եվ նմանատիպ խնդիրները մեկ օրում չեն լուծվում: Բայց ես կարծում եմ, որ կա հնարավորություն այդ խնդիրները լուծելու և կա հնարավորություն զարգացման առումով Հայաստանը ճիշտ ռելսերի վրա դնելու: Չեմ թաքցնի՝ այդ հնարավորությունը Դուք, բնականաբար, ունեք: Ես ինքս հույս ունեմ, որ Դուք դա լիովին կօգտագործեք, նաև Ձեզ ճանաչելով հանդերձ եմ ասում: Եվ կարծում եմ, որ այդտեղ նաև պետք է ունենաք օժանդակություն, ինչու ոչ, նաև մեր հասարակության տարբեր շերտերից, այն ինստիտուտներից, որոնք կարող են ձևավորվել, ինչպես նաև ձևավորված ինստիտուտներից, որոնք կարող են համակերպվել այս նոր իրավիճակին: Բացարձակապես նոր իրողությունում ենք մենք ապրում: Դա պետք է գիտակցենք:

 

Լրահոս

Դիտել ավելին