Կարևոր իրադարձություններ

Նոր թափով կվերսկսվեն Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման և ապօրինի շենք-շինությունների ու կառույցների ապամոնտաժման աշխատանքները. Ռոմանոս Պետրոսյան

08 Հուլիս, 2021 12:57
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Նոր թափով կվերսկսվեն Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման և ապօրինի շենք-շինությունների ու կառույցների ապամոնտաժման  աշխատանքները. Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. 

«Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման համար ձեռք կբերվեն համապատասխան մասնագիտացված մեքենամեխանիզմներ. 

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մշակված նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման համար նախատեսված 208,238.5 հազար դրամ գումարի վերաբաշխում, որի շրջանակներում ձեռք կբերվեն համապատասխան մասնագիտացված մեքենամեխանիզմներ։
Հիշեցնեմ, որ իմ հանձնարարականով ստուգումների արդյունքում կապալառուի կողմից ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացումը գնահատվել էր ոչ արդյունավետ և շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել էր խնդրո առարկա աշխատանքներն իրականացնել անմիջականորեն «Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ի միջոցով։
Այսպիսով՝
Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներն անմիջապես «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից՝ պատշաճ կերպով իրականացնելու նպատակով, նախատեսվում է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի 1155 «Բնական պաշարների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում և պահպանում» ծրագրի 11002 «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման համար նախատեսված 208,238.5 հազար դրամ գումարից`
132,570.0 հազար դրամն ուղղել Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման նպատակով մասնագիտացված մեքենամեխանիզմների և հատուկ սարքավորումների ձեռքբերմանը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով), որի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել թվով 3 հիմնական մասնագիտացված տեխնիկական միջոցներ և 6 շղթայավոր սղոց,
25,222.8 հազար դրամը՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման նպատակով տեխնիկական միջոցների շահագործումն ու սպասարկումն իրականացնելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով), նշված գումարը նախատեսված է 3 ամսվա ընթացքում աշխատանքների իրականացման համար։
մնացած 50,445.7 հազ.դրամը նախատեսվում է ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:
Շատ շուտով՝ գնումների գործընթացն ավարտելուց հետո, նոր թափով կվերսկսվեն Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման և ապօրինի շենք-շինությունների ու կառույցների ապամոնտաժման և շինաղբի տեղափոխման աշխատանքները։
2021 թվականի ընթացքում, ելնելով ժամանակի սղությունից, նշված փոփոխությունների արդյունքում, հնարավոր կլինի մաքրել մոտ 50 հա տարածք։
Միաժամանակ «EU4Sevan» ծրագրի շրջանակներում արդեն իսկ հաստավել է մոտ 60000 դոլար գումարի սահմաններում ամբարձիչ մեքենայի ձեռքբերումը: Նախարարության կողմից մշակվել և ԵՄ կողմին է տրամադրվել համապատասխան տեխնիկական առաջարդրանքը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին