Կարևոր իրադարձություններ

ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Իտալիայի գլխավոր դատախազ Ջիովաննի Սալվիի հետ

08 Հուլիս, 2021 10:41
ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է  Իտալիայի գլխավոր դատախազ Ջիովաննի Սալվիի հետ

Եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների միջազգային համաժողովի շրջանակում ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր երկկողմ հանդիպում է ունեցել  Իտալիայի գլխավոր դատախազ Ջիովաննի Սալվիի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Դատախազության մամուլի ծառայությունը։

Քննարկվել են երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությանը, ինչպես նաև քրեական գործերով իրավական օգնության բնագավառում գործընկերային հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շեշտել է, որ Հայաստանը և Իտալիան ստորագրել են մեծ թվով միջազգային պայմանագրեր Եվրոպայի Խորհրդի և ՄԱԿ-ի շրջանակում, որոնք լայն հնարավորություններ են ընձեռում քրեական գործերով իրավական փոխօգնության ցուցաբերման բնագավառում, իսկ  փաստաթղթերի փոխանցման արդյունավետորեն գործող դիվանագիտական, Ինտերպոլի հաղորդակցման ուղիները հնարավորություն են տալիս ժամանակին կապ հաստատել երկու պետությունների կենտրոնական մարմինների միջև և տրամադրել փոխադարձ օգնություն։

Երկուստեք կարևորվել է այն հանգամանքը, որ կորոնավիրուսային համավարակի տարածման հետ կապված սահմանափակումները մեծ ազդեցություն չեն ունեցել միջազգային գործակցության շրջանակում, քանի որ վիրտուալ հաղորդակցության միջոցների կիրառումը թույլ է տվել խուսափել համապատասխան միջոցառումների ավելորդ ձգձգումներից, իրավական փոխօգնության շրջանակում՝ նաև քրեական գործերի քննության ժամկետների երկարաձգումներից:

Քննարկվել են նաև կոնկրետ քրեական գործերով ներկայացված քննչական պահանջների կատարման ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունները:     

 

Լրահոս

Դիտել ավելին