Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը նախօրեին չեղյալ է համարել հունիսի 29-ին ընդունած որոշումը. «Հրապարակ»

08 Հուլիս, 2021 08:29
Արարատ Միրզոյանը նախօրեին չեղյալ է համարել հունիսի 29-ին ընդունած որոշումը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը նախօրեին չեղյալ է համարել հունիսի 29-ին ընդունած որոշումը, համաձայն որի՝ «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին նշանակել էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորված մրցութային խորհրդի անդամ։

Հիշեցնենք, որ խորհուրդը ձեւավորվում է կառավարության, ԱԺ խորհրդի, ԲԴԽ-ի, գլխավոր դատախազի, մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից եւ քաղհասարակության երկու ներկայացուցչից: Սակայն «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ խորհրդի անդամ, բացառությամբ քաղհասարակության ներկայացուցչի, կարող է նշանակվել կուսակցական պատկանելություն չունեցող յուրաքանչյուր ոք, իսկ Հերիքնազ Տիգրանյանը, պարզվում է, ՔՊ անդամ է, համենայնդեպս՝ նախընտրական ցուցակում նրա անվան դիմաց «կուսակցական պատկանելությունը» ՔՊ է նշված։

Նրա առաջադրման մասին օրերս հայտարարություն էր տարածել Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը, կոչ անելով Միրզոյանին՝ չեղարկել ընդունած որոշումը, որն անօրինական է։ Կոալիցիան նաեւ դիմել էր ԱԺ պատգամավորներին հարցով՝ արդյո՞ք վերջիններս տեղեկացված են օրենքի այս պահանջի մասին եւ դիտավորությամբ կայացրել են ապօրինի որոշում, թե՞ չիրազեկվածության պատճառով հայտնվել են մոլորության մեջ եւ անփութությամբ ապօրինի գործընթացի մաս կազմել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին