Կարևոր իրադարձություններ

Տեսչական մարմինը զննում է իրականացրել «Ակունք մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում. Աշխատակիցների խախտված իրավունքները մասամբ վերականգնվել են

05 Հուլիս, 2021 20:41
Տեսչական  մարմինը զննում է իրականացրել «Ակունք մանկապարտեզ»  ՀՈԱԿ-ում. Աշխատակիցների խախտված իրավունքները մասամբ վերականգնվել են

«COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի շրջանակում Shabat.am լրատվական կայքը անդրադարձել էր Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի մանկապարտեզին:

Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունից ի վեր մանկապարտեզը փակվել էր, և անգամ արտակարգ դրության որոշակի սահմանափակումների վերացումից հետո այն  չէր գործում, իսկ աշխատակիցներն էլ՝ ոչ միայն չէին վճարվել հարկադիր պարապուրդի համար, այլև գյուղապետի կողմից աշխատանքից ազատման ծանուցագրեր էին ստացել:  

Shabat.am-ի կողմից պատրաստված ռեպորտաժում իրավախորհրդատու Անուշիկ Կիրակոսյանը ներկայացրել էր բոլոր խախտումները, որոնք իրականացվել էին գյուղապետի կողմից:

Օրենքով սահմանված կարգով աշխատակիցներին աշխատանքից ազատելու իրավասություն ունի միայն գործատուն, իսկ այս պարագայում գործատուն ոչ թե գյուղապետն է, այլ՝  «Ակունք մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենը:

Բարձրաձայնելով մարդու իրավունքների խախտումների մասին, ուրախությամբ արձանագրում ենք, որ խնդիրը մասամբ լուծվել է:

ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը, հիմք ընդունելով « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի» մասին ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ ,մասը, հարուցված վարչական վարույթի շրջանակներում մասնագետների կողմից 2021թ.փետրվարի 26-ին ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ակունք համայնք, «Ակունք» մանկապարտեզ ՀՈԱԿ-ում իրականացվել է զննում:

Զննման ժամանակ պարզվել է, որ «Ակունք մանկապարտեզ»  ՀՈԱԿ-ի աշխատողները 2020թ. Մայիս ամսին չեն աշխատել և համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի՝ հարկադիր պարապուրդի համար չեն վճարվել:

Տեսչական մարմինն արձանագրել է Ակունք համայնքի ավագանու 2021թ.  թիվ 16-Ն որոշումից ելնելով 2021թ. Փետրվարի 16-ին մանկապարտեզի աշխատողներին ծանուցվել են 2021թ. Ապրիլի 20-ին աշխատանքային պայմանագրերը լուծելու մասին, սակայն աշխատողներին տրվող ծանուցումները տրվել են խախտումով, որովհետև ծանուցումները տրվել են Ակունք համայնքի ղեկավարի կողմից, այնինչ պետք է տրվեր «Ակունք մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ջ. Սարոյանի կողմից, որպես գործատու՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 27-րդ հոդվածի: Այսինքն Ակունք համայնքի ղեկավարի կողմից տրված ծանուցումները ոչ իրավաչափ են:

Տեսչական մարմինը կարգադրել է աշխատակիցներին վճարել 2020թ. Մայիս ամսվա հարկադիր պարուրդի գումարը, ինչպես նաև պատշաճ կերպով ապահովել 2021թ փետրվարի 16-ին աշխատողներին տրված ծանուցումները՝ համաձայնեցնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 27-րդ հոդվածի պահանջներին:

Այս հոդվածը պատրաստվել է  ԱՅՐԵՔՍ Եվրոպայի (Ներկայումս «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» ERIM) և Մարդու իրավունքների տուն Երևանի  (ՄԻՏ Երևան, HRHY) կողմից՝ Եվրոպական միության ( ԵՄ, EU) ֆինանսավորմամբ`  «COVID-19» . Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն»  ծրագրի շրջանակներում:  

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Shabat.am լրատվական կայքը, և պարտադիր չէ, որ այն համընկնի Եվրոպական միության տեսակետների հետ:

Անուշ Առաքելյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին