Կարևոր իրադարձություններ

Հայ հասարակությանը խաբել են, թե ՀԱՊԿ-ը Հայաստանի պաշտպանության համար է. Ստյոպա Սաֆարյան

03 Հուլիս, 2021 15:06
Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան
Հայ հասարակությանը խաբել են, թե ՀԱՊԿ-ը Հայաստանի պաշտպանության համար է. Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«3 տասնամյակ Հայաստանի երեք նախագահությունները հայ հասարակությանը խաբել են, թե ՀԱՊԿ-ը Հայաստանի պաշտպանության համար է։ Ավելին՝ թափանցիկ ակնրակներով նրա «պաշտպանության» հովանոցը քարոզչական դաշտում տարածում էին նաև Արցախի վրա։ Արցախյան երկու պատերազմները՝ 2016-ի քառօրյա պատերազմը և 2020-ի 44-օրյա պատերազմը շատ արագ փլուզեցին այդ միֆը։ Իսկ այս տարվա մայիսի 12-ից Հայաստանի Գեղարքունիքի ու Սյունիքի մարզեր ադրբեջանական հրոսակախմբերի ներխուժումն ու ՀԱՊԿ-ի «արձագանքը» ցույց տվեցին, որ այդ դաշինքը անդամ ոչ մի պետության համար գոյություն չունի։ Ու սա միայն մեծ կեղծիքի մասին չէ, որ հյուսվել է Հայաստանի «անվտանգության ապահովվածության ու պաշտպանվածության» մասին։

Ռոբերտ Քոչարյանի նախագահությունից սկսած Սերժ Սարգսյանի նախագահությամբ ավարտված այդ կառույցին վերապահվել են մեխանիզմներ, որոնք սահմանփակել են դիվրեսիֆիկացված ռազմատեխնիկական հարաբերություններ վարելու Հայաստանի ինքնիշխան իրավունքը, անգամ կաշկանդվել է Արցախում Հայաստանի անվտանգության երաշխավորի դերակատարումը։ Խոշոր առումով Հայաստանն իր այդ գործառույթը չի կարողացել լիարժեք կատարել ՀԱՊԿ-ին պատերազմի մեջ չներքաշելու ու Պուտինյան ՆԱՏՕ-ն չխայտառակելու՝ նրա սնանկությունը ի ցույց չդնելու պատճառներով։ Ու դրա դիմաց Հայաստանն ու հայ ժողովուրդը դրա դիմաց վճարել են հենց անվտանգությամբ, մինչդեռ այդ մահվան օղակը Հայաստանի համար հյուսվել էր Հայաստանի անվտանգության ապահովվածության հեքիաթի ներքո։ Եվ Հայաստանի համար մահվան կեղծիք ստեղծած երկու նախագահները «քաղաքականության» մեջ են կրկին՝ խմբակցություններ ունեն խորհրդարանում․․․

 
 

Այս մեծագույն ամոթը նրա մասին է, որ հասարակության 25 տոկոսը կարող է քվե տալ կեղծիքի թագավորության տիրակալներին, իսկ վերջիններս էլ բացատրություն չտան, թե ինչու են Հայաստանը մտցրել ու մխրճել մի ճահիճի մեջ, որից դուրս գալն իր գինն է ունենալու, եթե Երևանը նման քաղաքական որոշում ընդունի։ Եվ այդ կեղծիքի թագավորության երկու տիրակալները այդ դեպքում էլ Հայաստանին են մեղադրելու «անվտանգության համար» նոր գին վճարելու որոշման համար, ինչպես որ արեցին պատերազմի դեպքում՝ դունչները սրբելով ու դիստանցավորվելով նրանից, որ 20 տարի շարունակ «պատերազմը հետաձգել են» Ռուսաստանի կողմից ստատուս-քվոն հավերժ պահպանելու կեղծիք-հույսով, ու Հայաստանի անունից համաձայնելով ամենատարբեր ֆորմուլաներով գործարքներին, որոնց մեջ անխտիր կերպով ազատագրված տարածքների վերադարձն էր ինչ-որ բանի դիմաց՝ խաղաղության, կարգավիճակի, ապաշրջափակման․․․

 

Անցյալի բեռը բոլոր առումներով հետապնդում է Հայաստանին։ Ու այդ բեռի մեջ նաև այս անհասկանալի կառույցն է՝ Հայաստանի անդամակցությամբ, կաշլանդող պարտավորություններով ու Հայաստանի համար ստեղծած վտանգներով։ Բայց ես այդ կառույցին կամ Ռուսաստանին չեմ մեղադրելու այս վիճակի համար։ Դրա թիվ մեկ մեղավորները հատկապես Հայաստանի 2-րդ ու 3-րդ նախագահներն են, որոնք մղձավանջը կատարյալ են դարձրել ու պետք է պատասխան տան այս ամենի համար։

Այն ժամանակ, երբ Ադրբեջանը, չանդամակցելով որևէ ռազմաքաղաքական դաշինքի, իր ինքնիշխանությունն ու ազատությունը օգտագործեց երկկողմ հարաբերությունների ձևաչափով լուծել իր անվտանգության խնդիրները, հաստատել ռազմատեխնիկական հարաբերություններ այն երկրների հետ, որոնք կարող էին նրան օգնել «իր» տարածքների դեօկուպացիայի գործում, Հայաստանի երկու նախագահները հաջորդանար վաճառեցին նրա ինքնիշխանությունը, սահմանափակեցին ու Հայաստանի թողեցին մի բանի հույսին, որը գոյություն չունի։ Հայաստանը դեռ շատ թանկ գին է վճարելու անցած երկուսուկես տասնամյկաներում այս ռազմաքաղաքական սխալների համար։

Այն, ինչ կարող է ու պարտավոր է անել Հայաստանի ներկայիս իշխանությունները, եթե ունակ չեն կառավարելու այդ կառույցից դուրս գալու հավելյալ ռիսկերը, պարտավոր են Հայաստանի խնդիրները բերել միջազգային լեգիտիմ մանդատների, կառուցների ու հարաբերությունների ներքո, որովհետև դրանց լուծումը միջազգային իրավունքի դաշտում է։ Այդ խնդիրները թողնել ադրբեջանաթուրքառուսական եռանկյունու ու ՀԱՊԿ-երի հույսին, նշանակում է՝ Հայաստանի դանդաղ մահ, ինչը թույլ տալը հանցագործություն կլինի»։

 

Լրահոս

Դիտել ավելին