Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

ԵՄ-ն շուրջ 1.5 մլրդ եվրո կհատկացնի Հայաստանում 5 ծրագրերի իրականացման համար

03 Հուլիս, 2021 11:31
ԵՄ-ն շուրջ 1.5 մլրդ եվրո կհատկացնի Հայաստանում 5 ծրագրերի իրականացման համար

Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում մտադիր է շուրջ 1.5 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային ծրագրեր  իրականացնել Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, փաստաթուղթը Բրյուսելում ներկայացվել է հուլիսի 2-ին, դրա իրականացման վերջնաժամկետն է նշվել 2025 թվականը:

Մասնավորապես, Եվրահանձնաժողովը ծրագրել է ուղենիշային առաջին ծրագրով 500 մլն եվրոյի աջակցություն տրամադրել  շուրջ 30 հազար մանր ու միջին բիզնեսների՝ դրանով իսկ նպաստելով կայուն, նորարար և մրցունակ տնտեսությանը: Փաստաթղթում նշվել է, որ  կորոնավիրուսի համավարակից հետո տնտեսության վերականգնումը Հայաստանի համար գերակա առաջնահերթություն է: Նշվում է, որ առաջնահերթությունը տրվելու է այն ձեռներեցներին, որոնք աշխատում են բնությունը պահպանող տեխնոլոգիաներով, հատկապես ուշադրություն է դարձվելու կին ձեռներեցներին:

Ուղենշային երկրորդ ծրագրով ԵՄ-ն մտադիր է խթանել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը և հաղորդակցությունը` աջակցելով Հյուսիս-Հարավ միջանցքին: Այս ծրագրով նախատեսվող ներդրումը կազմում է 600 մլն եվրո: Նշվում է, որ տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավումը հնարավորություն է տալու սերտացնել կապը մարզերի միջև, ինչպես նաև Հայաստանի կապը հարևան երկրների և Եվրամիության հետ:

Երրորդ ծրագրով ԵՄ-ն ցանկանում է ներդրումներ կատարել թվային վերափոխման, նորարարությունների, գիտության ու տեխնիկայի ոլորտում: Այստեղ ընդհանուր ներդրումը կկազմի 300 մլն եվրո: Ծրագրի հիմնավորման մեջ ասվում է, որ թեպետ Հայաստանը հզոր տեղեկատվական ներուժ ունի, և ոլորտը վերջին տարիներին մոտ 20 տոկոս աճ է արձանագրել, սակայն դրա ողջ կարողությունը բացահայտելու համար հարկավոր է հավելյալ աջակցություն:

Ուղենշային չորրորդ ծրագրում նախատեսված է ամրապնդել  ՀՀ հարավային շրջանների դիմադրողականությունը: Նշվում է, որ հատկապես աջակցության կարիք ունի Սյունիքի մարզը, որը, ըստ ԵՄ-ի, բավարար չափով զարգացած չէ և ունի աղքատ հաղորդակցման ուղիներ:  Հատուկ անդրադարձ է կատարվում նաև փաստին, որ Սյունիքի մարզը զգալիորեն տուժել է վերջին պատերազմի հետևանքով: Այս ծրագրի ներդրումային արժեքը կազմելու է 80 մլն եվրո:

Վերջապես հինգերորդ ուղենշային ծրագիրը ենթադրում է ներդրումներ կատարել հանուն կանաչ Երևանի, որպեսզի էներգիան ավելի արդյունավետ օգտագործվի և կիրառվեն էկոլոգիապես անվտանգ ավտոբուսներ: Ընդհանուր առմամբ հատկացվելու է 120 մլն եվրո մայրաքաղաքում կյանքի որակի բարելավմանը, այդ թվում` Երևանում թափոնների կառավարմանն ու աղբամշակմանն ուղղած մի շարք ծրագրերի իրականացման համար:

Լրահոս

Դիտել ավելին