Կարևոր իրադարձություններ

Արմեն Չարչյանի պաշտպանները դատախազի հասցեին թույլ են տվել բարոյականության սահմաններն անցնող որակումներ․ դատախազություն

02 Հուլիս, 2021 22:16
Արմեն Չարչյանի պաշտպանները դատախազի հասցեին թույլ են տվել բարոյականության սահմաններն անցնող որակումներ․ դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի պաշտպաններին հորդորելով մնալ մասնագիտական էթիկայի սահմաններում: 

«Այսօր քրեական գործով մեղադրյալ Արմեն Չարչյանի պաշտպաններն իրենց պաշտպանյալի խափանման միջոցի հարցով վերաքննիչ դատական նիստից հետո գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազի հասցեին թույլ են տվել էթիկայի և բարոյականության սահմաններն անցնող, իրավաբանին անհարիր որակումներ՝ միաժամանակ ամբողջությամբ խեղաթյուրելով և բացառապես սեփական շահերի դիտանկյունից մատուցելով դատական նիստը հետաձգելու դատարանի որոշման պատճառները: 

 
 

Նախ՝ դատախազի կողմից դատական նիստը հետաձգելու անհրաժեշտությունը չի  պատճառաբանվել աշխատանքային օրվա ավարտով: Դատարանն ի սկզբանե հայտարարել էր, որ նիստը շարունակվելու է աշխատանքային օրվա ավարտից մի փոքր ավելի՝ վկայակոչելով Վերաքննիչ դատարանում ձևավորված՝ նիստերն աշխատանքային օրվա սահմաններում անցկացնելու պրակտիկան, ինչին դատախազը չի առարկել: Սակայն երբ դատական նիստի ընթացքից դատախազի համար ակնհայտ է դարձել, որ, հաշվի առնելով իր խոսքի, ելույթի ծավալնելը, նիստը կարճ ժամանակում ավարտելու դեպքում հնարավորություն չի ունենալու իր հիմնավորումները ողջ ծավալով ներկայացնել, դատարանին առաջարկվել է հետաձգել նիստը:

Ընդ որում՝ դատական նիստի ընթացքում դատախազը ներկայացրել է նիստը հետաձգելու իր առաջարկի պատճառները, որոնց հաշվառմամբ էլ դատարանը կայացրել է նման որոշում: Այդ ամենն արձանագրված է նիստի ձայնագրառմամբ՝ անկախ իրողությունները խեղաթյուրելու և դատավարական հակառակորդին վիրավորելը սեփական փաստարկների սնանկությունը ծածկելու միջոց դարձնելու պաշտպանների անհույս փորձերից:

Իրենց խոսքում պաշտպաններն անընդհատ շահարկման առարկա են դարձնում իրենց պաշտպանյալի առողջական վիճակը՝ փորձելով հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե այն կախված է կալանքի վերաբերյալ որոշումից և անհիմն կերպով այդ ամենը մատուցելով որպես հակահումանիստական մոտեցում դատախազության կողմից: 

Պաշտպանները ամեն կերպ միտումնավոր կերպով փորձում են անտեսել այն հանգամանքը, որ Ա. Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու պահից սկսած՝ առ այսօր վերջինս քրեակատարողական հիմնարկ չի մտել, գտնվում է իր նախընտրած բժշկական հաստատությունում, իր նախընտրած բժշկի հսկողության ներքո, և որ դատախազի կողմից որևէ քայլ առ այսօր չի արվել նրա բուժօգնության տրամադրությումը որևէ կերպ խոչընդոտելու ուղղությամբ:

Պաշտպանները համառորեն փորձում են պատրանք ստեղծել, թե Ա. Չարչյանի առողջական վիճակի վատթարացումը պայմանավորված է եղել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշման կայացման փաստով, մինչդեռ իրենք են նշել, որ առողջության վատթարացումը տեղի է ունեցել այդ որոշումը կայացվելուց առաջ: 

Ինչ վերաբերում է այն անհեթեթ պնդումներին, թե դատական նիստի հետաձգմամբ դատախազը փորձ է արել ժամանակ ձգձգել և այդ վարքագիծը պատժիչ բնույթ է կրում, ապա ընդամենը մնում է հորդորել պաշտպաններին ավելի չանլրջացնել սեփական պնդումները և չմերկացնել դրանց մերկապարանոց լինելու հանգամանքը:

Պաշտպաններն իրենք էին մինչև դատական նիստի մեկնարկը հանրայնացրել, որ Ա. Չարչյանին վերաբերող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Հարկ ենք համարում հիշեցնել, որ նախաքննության ավարտ հայտարարվել է քրեական գործը հարուցելուց ընդամենը 14 օր անց: Ակնհայտ է, որ ձգձգելու նպատակ հետապնդելու պարագայում նման սեղմ ժամկետներում նախաքննության ավարտ չէր հայտարարվի, դատախազի կողմից այդ ընթացքում վարույթն իրականացնող մարմնին քննությունը, անհրաժեշտ դատավարական, քննչական գործողություններն արագացնելու ցուցում չէր տրվի և պատշաճ դատախազական հսկողության ներքո այդ կարճ ժամանակահատվածում, օրինակ, 60 անձ հարցաքննության չէր ենթարկվի:

Ուղղակի հորդորում ենք պաշտպանության կողմին դադարեցնել փաստերի աղավաղման, դատավարական օպոնենտին սևացնելը պաշտպանության տակտիկա դարձնելու այս ամոթալի դրսևորումները և մնալ մասնագիտական էթիկայի սահմաններում»,- ասված է հայտարարությունում:          

 

Լրահոս

Դիտել ավելին