Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    487
    497

  • EUR

    577
    593

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

 

Գայ համայնքին պատճառվել է 159 մլն դրամի վնաս․ գյուղապետին մեղադրանք է առաջադրվել. ՀՀ ՔԿ

30 Հունիս, 2021 18:43
Գայ համայնքին պատճառվել է 159 մլն դրամի վնաս․ գյուղապետին մեղադրանք է առաջադրվել. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գայ համայնքի ղեկավարի կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծառայողական պարտականությունները չկատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Դեռևս 2020թ. փետրվարի 12-25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից Արմավիրի մարզի Գայ համայնքում իրականացվել է տեսչական ստուգում, ինչի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝ ինքնակամ կառուցապատման դեպքեր: Ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է ակտ, որն ուղարկվել է իրավասու մարմիններին՝ խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով:

Նկատի ունենալով, որ համայնքի ղեկավարի գործողություններում առկա են եղել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գայ համայնքի ղեկավարը, 2008 թվականից մինչ օրս զբաղեցնելով նշված պաշտոնը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները՝ չի կատարել ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը դիտավորությամբ որևէ միջոց չի ձեռնարկել՝ կանխարգելելու, կասեցնելու առանց գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի համայնքի տարբեր նշանակության թվով 11 հողամասերում կատարված ինքնակամ կառուցապատման աշխատանքների և շահագործման ուղղությամբ: Ավելին՝ խախտումները ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմի կողմից ստուգումների արդյունքում հայտնաբերելուց հետո համայնքի ղեկավարը շարունակել է դիտավորությամբ որևէ միջոց չձեռնարկել, օրենքով սահմանված կարգով չի ապահովել հետևանքների վերացումը:

Քննությամբ հիմնավորվել է, որ ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու ուղղությամբ որևէ միջոց չձեռնարկելով՝ դրանց օրինականացման համար վճարվելիք ընդհանուր 159.396.000 ՀՀ դրամ գումարը համայնքի բյուջե չի մուտքագրվել, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին: Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գայ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (8 դրվագ):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով կալանք է դրվել համայնքի ղեկավարին պատկանող գույքի վրա: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Լրահոս

Դիտել ավելին