Կարևոր իրադարձություններ

Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ էլ ԼՂ բնակիչները շահագրգռված չեն հակամարտության շարունակմամբ. ՌԴ նախագահ

30 Հունիս, 2021 18:28
Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ էլ ԼՂ բնակիչները շահագրգռված չեն հակամարտության շարունակմամբ. ՌԴ նախագահ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ամենամյա ուղիղ կապի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին` ընդգծելով, որ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի բնակիչները շահագրգռված չեն հակամարտության շարունակմամբ:

«Եթե մենք կարողանանք բոլորս ապրել խաղաղ և բարեկամաբար, ապա կստեղծենք կյանքի բարելավման պայմաններ, ընդ որում ոչ միայն անվտանգային առումով, այլև ընթացիկ կյանքում ընտանիքների գոյության, տնտեսական և սոցիալական զարգացման տեսակետից, ինչում առավել քան ոչ ոք, շահագրգռված են Ղարաբաղի բնակիչները, քանի որ պարզապես անհնարին է ապրել կոնֆլիկտի վերսկսման մշտական սպասումով»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքով` Լեռնային Ղարաբաղում խնդիրները կուտակվել են և շատ են. «Այո, շատ հարցեր են կուտակվել, կան ենթակառուցվածքների վերականգնման խնդիրներ, կան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հետ կապված հարցեր, հատկապես այնտեղ, որտեղ պետական սահմաններ երբեք չեն եղել, և եղել է միայն վարչական բաժանում խորհրդային հանրապետությունների միջև»:

«Հիմա այդ աշխատանքը ընթացքի մեջ է:  Մենք ստեղծել ենք հատուկ եռակողմ խումբ, որում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը, և ամեն ինչ կանենք, որպեսզի նորմալ հարաբերություններ հաստատվեն  տարածաշրջանում: Այս աշխատանքների հասցեատերերն, անշուշտ, լինելու են Լեռնային Ղարաբաղի բնակիչները։ Ցանկանում եմ մտածել, որ այդպես էլ կլինի, չնայած բոլոր դժվարություններին, որոնք հավաքվել են տասնամյակներ շարունակ»,- եզրափակել է Պուտինը:

 

Լրահոս

Դիտել ավելին