Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր

30 Հունիս, 2021 12:24
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր

Այսօր`հունիսի 30-ին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի առավել խոցելի համայնքներին և խմբերին՝ ներառյալ տեղահանվածներին, աջակցություն տրամադրելու ծրագրի մեկնարկի վերաբերյալ:

Այս մասին տեղեկանում ենք ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակից: 

Ծրագիրը, մասնավորապես, կթիրախավորի Հայաստանի սահմանամերձ՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերը: 3.2 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից և իրականացվում ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի միջոցով:

 
Ծրագիրը համահունչ է ներառական աճի, ձեռներեցության և աշխատատեղերի ստեղծման միջոցով աղքատության դեմ պայքարի ՀՀ կառավարության օրակարգին և նպատակ ունի Հայաստանի մարզերում ստեղծել կայուն ապրուստի միջոցներ անապահով խմբերի համար՝ ներառյալ տեղահանվածները և վետերանները, աշխատատեղերի ստեղծման տարատեսակ մեխանիզմների միջոցով աջակցել նրանց սոցիալ-տնտեսական ինտեգրմանը, առավելագույնի հասցնել սոցիալ-տնտեսական վերականգնման օգուտները համայնքների և խոցելի խմբերի համար՝ միևնույն ժամանակ տրամադրելով կայուն  և կանաչ էներգիայի լուծումներ:

«Այսօր մեկնարկած ծրագրի հիմնական նպատակներից մեկն է նպաստել հայ հասարակության հետկոնֆլիկտային սթրեսը հաղթահարելուն, վերականգնելու վստահությունն ու առաջ շարժվելու ուժը. այն, ինչին մենք, որպես հիմնական ռազմավարական դաշնակից, մեծ նշանակություն ենք տալիս: Այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ է Ռուսաստանի հետևողական և համակարգված աջակցությանը Հայաստանի համապարփակ ,սոցիալ-տնտեսական զարգացմանը, որն իրականացվում է երկկողմ և միջազգային մեխանիզմներով», – ասաց Սերգեյ Կոպիրկինը:

 

«ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ, ոչ միայն հոգալու է Հայաստանի խոցելի համայնքների և խմբերի անմիջական կարիքները՝ այդ թվում կենսապահովման, բնակարանային, աշխատատեղերի, էներգիայի և այլ հարցեր, այլ նաև կայուն լուծումներ է առաջարկելու, որոնք ավելին են քան մարդասիրական օգնությունը և ուղենշում են զարգացման ճանապարհ՝ օժանդակելով ապաստանող համայնքների զարգացմանը ու թեթևացնելով Հայաստանի կառավարության բեռը», – ասաց Միհաելա Ստոյկոսկան:

 

ՄԱԶԾ-ն և Ռուսաստանի Դաշնությունը հաջող գործընկերության երկարատև պատմություն ունեն կայուն զարգացման, գյուղական զբոսաշրջության, կլիմայի փոփոխության, էներգիայի և շրջակա միջավայրի պահպանման ոլորտներում: Ընթացիկ երկամյա ծրագիրը կիրականացվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին