Կարևոր իրադարձություններ

Միֆեր և իրականություն՝ COVID 19-ի դեմ պատվաստանյութերի մասին. Ներկայացնում է մասնագետը

29 Հունիս, 2021 16:54
Միֆեր և իրականություն՝ COVID 19-ի դեմ պատվաստանյութերի մասին. Ներկայացնում է մասնագետը

COVID 19-ի դեմ պատվաստանյութերի, Հայաստանում պատվաստումային գործընթացի և կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ Shabat.am-ը զրուցել է բժիշկ, թորակալ վիրաբույժ Ռուբեն Ստեփանյանի հետ:

- Բժիշկ Ստեփանյան, երեկվա  հրապարակված տեղեկության համաձայն արդեն 75 000-ից ավելի մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ:  Հայաստանում Կովիդի ի հայտ գալուց մինչ օրս Դուք աշխատում եք կովիդով վարակված պացիենտների հետ, պատվաստող մարդկանց ցուցանիշը Ձեզ բավարարո՞ւմ է:

- Ամեն դեպքում, երկու ամսվա համար նշված թիվը առ ոչինչ է։ Արդյունավետությունը նշված պրոցեսից ես գնահատում եմ 0։ Այս տեմպերով մեզնից պահանջվում է 100 ամիս։ Այսինքն մոտ 8 տարի։ Ընդ որում պատվաստված մարդկանց մեջ քիչ չեն նրանք, ովքեր արդեն տարել են կովիդ, օրինակ՝ ես։

-Հայաստանում պատվաստումային գործընթացին զուգահեռ, որոշ բժիշկներ դեմ են  արտահայտվում կովիդի պատվաստանյութերին, այդպիսով փոխվում է նաև հանրության որոշ մասի կարծիքը՝ պատվաստվելու հարցում: Դուք որպես մասնագետ ի՞նչ խորհուրդ կտաք մեր բնակչությանը:

-Նախ պետք է հասկանալ՝ ունի արդյոք տվյալ բժիշկը պատվաստանյութերի մասին այնքան ինֆորմացիա, որ կարողանա փաստերով խոսել, ոչ թե սեփական երևակայությունից և ենթադրություններից ելնելով։  Բժշկությունը 21֊-րդ դարում հիմնվում է ոչ թե առանձին անհատի սուբյեկտիվ կարծիքի, այլ ապացուցողական բժշկության վրա։ Պետք է նաև հաշվի առնել, որ մարդը կարող է իր նեղ  մասնագիտական  հմտություններին տիրապետի գերազանց, իսկ դրանցից դուրս լինի ոչ կոմպետենտ։ Խնդիրը գլոբալ է, ու մի օր թակելու է յուրաքանչյուրի դուռը։ Կովիդը վատ հիվանդություն է, անկանխատեսելի։ Քիչ չեն մարդիկ, որոնց կյանքում եղել են լուրջ փոփոխություններ կովիդի պատճառով։ Պետք չէ կրկնել ուրիշների սխալները, ժամ առաջ պատվաստումը փրկելու է  կյանքեր։  

- Հայաստանում ունենք երեք պատվաստանյութ, ինչո՞վ են տարբերվում դրանք:

-Առաջին պատվաստանյութը որ ստացել ենք, Sputnik V-ն է։ Այն ինչպես և AstraZeneca պատվաստանյութի վակցինան ադենովեկտորային վակցինաներ են։ Որպեսզի տերմիններով շատ չծանրաբեռնեմ, հակիրճ ստացվում է այսպես։ Վերցրել են ադենովեկտորը որպես պլատֆորմա, նրա ԴՆԹ-֊ից հեռացրել որոշ հատվածներ, որոնք պատասխանատու են վիրուսի բազմացման, վարակված բջջի ոչնչացման և այլ հատվածներ, ներդրել են COVID-19-ի ՌՆԹ։ Sputnik V-ի դեպքում օգտագործել են մարդկային ադենովիրուսի 5-֊րդ և 26֊-րդ տիպերը, իսկ AstraZeneca-ի դեպքում որպես պլատֆորմա օգտագործվել է շիմպանզեի ադենովիրուս։ Վերջինը, չինական Sinovac ընկերության պատվաստանյութը ինակտիվացված վակցինա է։ Այն ստացվել է հիվանդացած մարդկանց օրգանիզմից անջատված, բազմացված և քիմիական ինակտիվացիայի միջոցով։

 

-Տեսակետներ են հնչում, որ պատվաստվելու դեպքում վիրուսի գենետիկ կոդը գրվում է մարդու գենոմում ու մարդը ամբողջ կյանքի ընթացքում ունենում է COVID-ի գեներ։

Իրականության հետ որևէ կապ չունի։ Պատվաստվելուց հետո այն թափանցում է բջջի մեջ, իր գենետիկ ինֆորմացիան թողում կորիզում։ Բայց, որևէ միացում չի լինում։ Մենք կորիզում ունենք էպիսոմալ ԴՆԹ֊-ներ, որոնց կոդավորած ինֆորմացիան ևս կարող է կարդացվել և վակցինայի ԴՆԹ-ից կորիզում սինթեզվում է S սպիտակուցը կոդավորող ՌՆԹ, անցնում է ցիտոպլազմա, ռիբոսոմների կողմից դրա հիմքի վրա տեղի է ունենում սպիտակուցի սինթեզ։ Բայց մենք ունենք այսպես կոչված պաշտպանության օղակներ, որոնք նկատելով, որ տվյալ սպիտակուցը օտարածին են, դուրս են շպրտվում բջջից, դրանք կարդացվում են անտիգեն ներկայացնող բջիջների կողմից։ Այս բջիջները փոխանցում են T լիմֆոցիտներին ինֆորմացիան և կարճ ասած, մեր իմունային համակարգի բջիջներում գրվում է վիրուսի գենի մասին ինֆորմացիան և երկրորդ հանիպման ժամանակ այն կարողանում է արագ ճանաչել ու ոչնչացնել։ Բացի այդ, մեր օրգանիզմի պաշտպանիչ համակարգերը, հայտնաբերելով ախտահարված բջիջներ, այդ թվում և վակցինայով, ոչնչացնում են այն։ Վերը նկարագրվածը իրականանում է միայն ներարկման տեղում, բայց մարդը ստանում է պաշտպանություն ամբողջ օրգանիզմի համար։

-Կա՞ն մարդիկ, ովքեր անընկալունակ են COVID-19-ի նկատմամբ։

-Երկար ժամանակ անհասկանալի էր, թե ինչպես է ստացվում, որ նույն ընտանիքից, նույն տան մեջ ապրող մարդկանցից մեկը չէր վարակվում, այսինքն չէր ունենում հիվանդության կլինիկա, իսկ հետո լաբորատոր հետազոտություններով չէին հայտնաբերվում իմունոգլոբուլին M, որը սինթեզվում է հիվանդության սուր փուլում իսկ հետագայում այդպես էլ չհայտնաբերվեց իմունոգլոբուլին G, որը սինթեզվում է հիվանդության ընթացքում և կարող է մնալ ամիսներ և տարիներ։ Սա հետաքրքիր էր նաև այնքանով, որ ունեինք բժիշկներ, որոնք շատ երկար շփում ունենալով վիրուսի հետ, այդպես էլ չվարակվեցին։ Հիմա հասկանալի է դրա պատճառը։ Այդ մարդիկ ունեն իմունիտետ մարդկային կորոնավիրուսի որոշ տեսակների դեմ և իրենց իմունիտետն ընդունում է COVID-19-ը դրանց փոխարեն ու ոչնչացնում։ Դա է պատճառը, որ նախ նրանք չեն վարակվում, չեն ունենում կլինիկա ու իրենց մոտ չեն սինթեզվում իմունոգլոբուլիններ։

 -Տեսակետներ կան, որ եղած վակցինաների տեխնոլոգիաները նոր են, երբեք չեն օգտագործվել մինչ այդ։

- Իրականության հետ այս պնդումը ևս որևէ կապ չունի։ Վեկտորային վակցինաները սկսել են ուսումնասիրել 80-֊ականների սկզբից, իսկ առաջին գրանցված վակցինան Եվրոպական բժշկական գործակալության կողմից, վեզիկուլյար ստոմատիտի վիրուսի հիմքի վրա էբոլայի վակցինան է: Ինչ վերաբերում է տեխնոլոգիաներին, կարելի է ասել, որ բժշկությունը այս պանդեմիայի ժամանակ մեծ առաջընթաց է ունեցել։ Մեկ տարուց քիչ ժամանակահատվածի ընթացքում ուսումնասիրվել են վակցինաների ստեղծման մի քանի տեխնոլոգիաներ։ Եթե չլիներ COVID-19-ը, դա կտևեր 5-֊ից 10 տարի մինիմում։

-Լավ, մարդիկ ասում են, որ ձեր ներկայացրած վակցինան արհեստական է, իրենք նախընտրում են բնական վարակումը և առողջացումը։

- Բնական չի նշանակում լավագույն։ Օձի խայթոցը ևս բնական է, բայց մարդիկ չեն ուզում, որ իրենց խայթեն։ Ընտրություն կատարելիս պետք է համեմատության մեջ դնել արդյունքները։ Մահացություն, հաշմանդամություն, աշխատունակության երկարատև կորուստ, պոստկովիդ սինդրոմ։ Ունենք տվյալներ այն մասին, որ պոստկովիդ սինդրոմը որոշ երկրներում հասնում է մինչև 25%։ Ընդ որում, սինդրոմ կարող են ունենալ նաև այն մարդիկ ովքեր չեն ունեցել թոքաբորբ։ Երբ ինձ հարցնում են, թե ինչ անել, որպեսզի համն ու հոտառությունը վերականգնվի ես թափահարում եմ ուսերս, որովհետև մինչև վերջ պարզ չէ, թե ինչպես վերականգնել, հիվանդությունից 6֊8 ամիս անց։

 

 -Վակցինաների արդյունավետության մասին ի՞նչ կասեք։ Ինչպիսի՞ տվյալներ ունեք։

-Արդյունավետության մասին խոսելիս պետք է ի նկատի ունենանք երկու բան, առաջինը՝ վիրուսից լրիվ պաշտպանություն, և երկրորդ՝ պաշտպանություն ծանր և ծայրահեղ ծանր դեպքերից։ Բոլոր այն պատվաստանյութերը, որոնք կան Հայաստանում ապահովում են գրեթե 99.99% պաշտպանություն ծանր և ծայրահեղ ծանր դեպքերից։ Պետք է հաշվի առնել, որ կա մարդկային ֆակտոր և հաղորդումներն այն մասին, որ պատվաստվելուց հետո լինում են ծանր և ծայրահեղ ծանր դեպքեր, կարող են պայմանավորված լինել ծանոթ-֊խնամի-֊բարեկամ կապով, երբ իրականում պատվաստում չի կատարվում բայց թղթերը լրացվում են։ Ըստ իս՝ այս երևույթը քրեականացնել է պետք։ Ինչ վերաբերում է, վարակվելուց լրիվ պաշտպանությանը՝ ապա լավագույնը մնում են վեկտորային վակցինաները 91.92%։ Չինական վակցինան տարբեր երկրներում ցույց է տվել տարբեր արդյունավետություն։

-Քանի որ խոսեցիք վակցիաների արդյունավետության մասին, հետաքրքիր է իմանալ՝ բնակչությունը ի վերջո երբ կկարողանա հասկանալ, թե քանի անգամ պետք է պատվաստվել ամբողջ կյանքի ընթացքում՝ կովիդով չվարակվելու համար:

-Այս պահին չունենք բավարար տվյալներ այդ մասին։ Մեր երկրում դեռ չի հաջողվում առաջին պատվաստումը հասցնել ավարտին, ուր մնաց երկրորդ ու երրորդ։

-Տարբե՞ր են արդյոք հակամարմինների ձևավորումը մարդկանց օրգանիզմում պատվաստվելուց հետո: Ի նկատի ունեմ՝ երբ մարդը պատվաստվում է և ձևավորվում է հակամարմին, բարձր կամ նորմալ ցուցանիշը որքան պետք է լինի:

-Այս հարցին կարճ պատասխանեմ։ Չկան այս մասին բավարար տեղեկություններ։ Այդ իսկ պատճառով սխալ եմ համարում մեկնաբանելը։

 -Մեր օրերում բազմաթիվ մանուպուլատիվ և կեղծ ինֆորմացիաներ են տարածվում պատվաստանյութերի մասին: Ձեր դիտարկամբ՝ արդյունավետ պայքար մղվում է պետության կողմից՝ հասարակությանն այդ կեղծ ինֆորմացիներից պաշտպանելու համար

-Խնդիրը գլոբալ է, վերաբերում է ոչ միայն Հայաստանին։ Նույն պատկերն ունենք նաև այլ երկրներում, որտեղ պատվաստումը ինքնակամ է։ Վառ օրինակը Ռուսաստանն է։ Երկիրը, որը ունի 3 արդյունավետ պատվաստանյութ, չի կարողանում լուծել պատվաստման խնդիրը ու ստիպված ծավալում է նոր հիվանդանոցներ, կովիդով վարակված մարդկանց բուժման համար։ Պետությունն ունի շատ լծակներ, որոնք չեն կիրառվել ու չեն կիրառվում։ Այդ թվում և պարտադիր պատվաստումը։ Ես նախընտրում եմ դեռևս հետևել և իմ լուման ներդնել պատվաստանյութերի մասին մարդկանց իրազեկվածության մակարդակի բարձրացման գործում։

 

Այս հոդվածը հրապարակվել է ԱՅՐԵՔՍ Եվրոպայի (Ներկայումս «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» ERIM) և Մարդու իրավունքների տուն Երևանի  (ՄԻՏ Երևան, HRHY) կողմից՝ Եվրոպական միության ( ԵՄ, EU) ֆինանսավորմամբ`  «COVID-19» . Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն»  ծրագրի շրջանակներում:

Հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում Shabat.am լրատվական կայքը, և պարտադիր չէ, որ այն համընկնի Եվրոպական միության տեսակետների հետ:  

Անուշ Առաքելյան

 

Լրահոս

Դիտել ավելին