Կարևոր իրադարձություններ

Այս պարգևն ինձ ավելի երիտասարդացրեց. դոկտոր Հովհաննես Սարուխանյանին հանձնվել է Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիր

25 Հունիս, 2021 13:08
Այս պարգևն ինձ ավելի երիտասարդացրեց. դոկտոր Հովհաննես Սարուխանյանին հանձնվել է Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիր

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում հյուրընկալել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ, պատվավոր պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հովհաննես Սարուխանյանին և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրն ու հուշամեդալը:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կարևորելով վաստակավոր գործչի ներդրած նշանակալի ավանդը առողջապահական համակարգում, բժշկագիտության ոլորտում՝ քաղաքապետ Մարությանը քաջառողջություն ու անսպառ եռանդ է մաղթել նրան:

 

«Շնորհակալ ենք Ձեզ երկար տարիներ մեր բնակիչներին կարևոր ծառայություն մատուցելու, բժիշկների մի քանի սերունդ կրթելու համար և, որ կարևոր է, Դուք այսօր էլ նույն նվիրվածությամբ շարունակում եք Ձեր շնորհակալ առաքելությունը: Մեր ավագանու անդամների ու քաղաքացիների անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ»,- նշել է քաղաքապետը:

30-ից ավել բժշկական գիտությունների դոկտորների ու թեկնածուների ապագան կերտած, ինչպես նաև բազմաթիվ կյանքեր փրկած պրոֆեսորի համար Երևանի պատվավոր քաղաքացու կոչումն առավել քան պարտավորեցնող է:

«Հարգարժան քաղաքի պատվավոր անդամ, դրանից բարձր կոչում մարդու համար չկա: Այս պարգևն ինձ ավելի երիտասարդացրեց, ավելի պնդացրեց»,- նշել է Հովհաննես Սարուխանյանը:

Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու որոշումը Երևանի ավագանին կայացրել էր մայիսի 25-ի նիստին:

25.jpg (326 KB)

 
 

Լրահոս

Դիտել ավելին