Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում կշարունակեն աջակցություն ստանալ

24 Հունիս, 2021 13:56
Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում կշարունակեն աջակցություն ստանալ

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման մեջ՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում ՀՀ տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում վերջիններիս գործունեության շարունակականության ապահովման ու աշխատատեղերի պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված։

Հիմնավորման համաձայն, ստեղծված իրավիճակում տնտեսավարողները դեռևս կարիք ունեն լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման՝ իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու, արդյունավետ աշխատատեղերը, ինչպես նաև առկա գիտելիքի համակարգերը պահպանելու նպատակով։ Ըստ այդմ նախատեսվում է 2021 թ. ապրիլից հունիս ամիսը ներառյալ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում շարունակել ամսական դրամաշնորհի տրամադրումը ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձանց կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերին,  որոնք ստեղծվել են մինչև 2020 թ. մարտի 31-ը: Վերջիններս  միջոցառման շրջանակում տրամադրվող աջակցության ամսվա ընթացքում պետք է ունենան  առնվազն 3 աշխատող, չեն հանդիսացել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման շահառու, 2020 թ. առաջին եռամսյակի կամ այդ եռամսյակում ընդգրկված որևէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկով տնտեսավարողի գործունեության առնվազն 50 տոկոսը վերաբերել է հետևյալ ոլորտներին՝ կացության կազմակերպում, զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ:

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող անձանց հյուրընկալող ֆիզիկական անձանց, ինչպես նաև կացության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին՝ համապատասխան միջոցառումներով և կարգերով սահմանված աջակցության տրամադրումը շարունակել ևս երեք ամիս՝ մինչև 2021 թվականի օգոստոսը ներառյալ: Այդ  միջոցառումներն ավարտվում են 2021 թ. հունիսին: Միջոցառումներից օգտվելու համար դիմումների ընդունման գործընթացի վերլուծության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել երկարացնել միջոցառումների ժամկետները՝ ևս երեք ամսով աջակցություն տրամադրել հունիս-օգոստոս ամիսների համար ևս:

Կառավարության մեկ այլ որոշմամբ 554,380.7 հազար դրամ կհատկացվի  Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին՝  ՀՀ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին