Կարևոր իրադարձություններ

Արագածոտնում նոր արևային ֆոտովոլտային կայանը կգործարկվի 2025-ին. ներդրումները կկազմեն 174 մլն դոլար

24 Հունիս, 2021 13:49
Արագածոտնում նոր արևային ֆոտովոլտային կայանը կգործարկվի 2025-ին. ներդրումները կկազմեն 174 մլն դոլար

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի նպատակը ՀՀ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական տարածքում «Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման նպատակով մրցույթի արդյունքներով կողմերի միջև պայմանագրային հարաբերությունների ձևավորման գործընթացին նպաստումն է։ Նման որոշման ընդունման բխում է ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը հաստատելու, մրցույթի ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին հավանություն տալու և մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 1986-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում կազմակերպված մրցույթի արդյունքում նախընտրելի հայտատու ճանաչված «Աբու Դաբի Ֆյուչեր Էներջի Քոմփանի» ՀԲԸ («Մասդար») (Abu Dhabi Future Energy Company PJSC - Masdar), Արաբական Միացյալ Էմիրություններ ընկերության հետ վարված բանակցությունների արդյունքներից և նպատակ է հետապնդում նպաստել մրցույթի հաղթողի հետ պայմանագրային հարաբերությունների ձևավորման գործընթացին։ Ըստ այդմ առաջարկվում է՝ ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 3-ի «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը հաստատելու, մրցույթի ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին հավանություն տալու և մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» որոշման «Ֆինանսավորման ամփոփման վերջնաժամկետ» սահմանման մեջ «180 օր անց ընկնող ամսաթիվը» բառերը փոխարինել «545 օր անց ընկնող ամսաթիվը» բառերով։ Ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, նման որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ժամկետների փոփոխման խնդրով: «Հաշվի առնելով նաև գնառաջարկի մեջ ընկերության ներկայացրած փոփոխությունը, որը բավականին ցածր գին է տարածաշրջանի համար, անհրաժեշտություն է առաջացել այս փոփոխությունը կատարելու»,-ասել է Սուրեն Պապիկյանը:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ընդգծելով ծրագրի իրականացման կարևորությունը, նշել է, որ կայանի կառուցման գործընթացը մեկնարկել է դեռևս 2019 թվականից: «Խոսքը գնում է 200Մվտ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման մասին: Փաստացի արդեն ունենք հաղթող ընկերություն, որն առաջարկել է 1կՎ էներգիայի համար 2,9 ցենտ, որը բավականին ցածր գին է: Բավականին խոշոր ներդրումային ծրագիր է, մոտավորապես 174 մլն դոլարի»,-ասել է Տիգրան Ավինյանը:

Փոխվարչապետի պաշտոնակատարն հավելել է նաև, որ կայանի կառուցման համար անհրաժեշտ հողահատկացման աշխատանքներն ընթացքի մեջ են: «Այս օրերի ավելացումը վերաբերում է այդ ֆինանսական փակման վերջնաժամկետին, որի համար մենք տալիս ենք 1,5 տարի: Այսինքն՝ այդ ընթացքում կիրականացվեն բոլոր գործընթացները՝ թղթաբանական, հողային և այլն, որից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները, կկառուցվի արևային ֆոտովոլտային կայանը, ենթակայանը: Մոտավորապես 2025 թվականից արդեն 200 Մվտ այս կայանը կհանձնվի շահագործման»,-ասել է Տիգրան Ավինյանը:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սա կարևոր թեմա է այն առումով, որ նաև նախընտրական շրջանում շատ էր խոսվում այն մասին, որ Հայաստանում միջազգային հայտնի կորպորացիաները ներդրումներ չեն անում: «Մասդար»-ը ոլորտի ամենազդեցիկ համաշխարհային ընկերություններից մեկն է, և փաստորեն մենք գործարկել ենք խոշոր ներդրումային ծրագիր, ինչը իր դրական ազդեցությունը պետք է ունենա, ոչ միայն տնտեսության, այլև ներդրումային միջավայրի գրավչության տեսակետից, որովհետև ընկերության ներկայությունը Հայաստանի շուկայում շատ կարևոր և դրական ազդակ է միջազագային ներդրողների համար»-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին