Կարևոր իրադարձություններ

Մենք վարելու ենք մասնագիտությունների խոշորացման քաղաքականություն. Ժաննա Անդրեասյան

23 Հունիս, 2021 18:35
Մենք վարելու ենք մասնագիտությունների խոշորացման քաղաքականություն. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է աշխատաշուկայի կարիքների հետազոտությանը նվիրված առցանց քննարկմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունից:

Միջոցառումը կազմակերպել է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը: «Աշխատուժի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» հետազոտությունն իրականացվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ ԱՄԿ-ի (ILO) պատվերով՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ համատեղԱշխատուժի բազմակողմանի գնահատումը կատարվել է Երևանում և ՀՀ մարզերում գործունեություն ծավալող շուրջ 1000 գործատուների շրջանում։ Հետազոտության մեջ անդրադարձ է արված մասնագիտական կրթության և աշխատաշուկայի պահանջարկի համապատասխանության խնդրին:

Քննարկմանը մասնակցել են Հայաստանի գործատուների հանրապետական միության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՄԿ-ի, «Բիզնեսի աջակցման կենտրոնի» և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, կարևորելով կատարված հետազոտությունը, նշել է, որ աշխատաշուկայի կարիքների ուսումնասիրությունը մասնագիտական կրթության ասպարեզում տեղերի պլանավորման և բաշխման առաջնային հիմքն է. «Այս ուսումնական տարվա համար ընդունելության տեղերի բաշխման որոշումներն արդեն կայացված են, սակայն քննարկվող հետազոտության արդյունքներն իրենց ազդեցությունն ու հետևանքը կարող են ունենալ հաջորդ ուսումնական տարիների քաղաքականությունը պլանավորելիս: Տնտեսության կարիքների արձագանքմանը միտված, ավելի նպատակային և արդյունավետ կրթական քաղաքականություն վարելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել ինչպես գործատուների, այնպես էլ միջազգային կառույցների հետ»:

Ժաննա Անդրեասյանի խոսքով` Մասնագիտական կրթության և զարգացման ազգային խորհուրդը, որի կազմում ընդգրկված են նաև գործատուների ներկայացուցիչներ, կարող է դառնալ աշխատանքային այն հարթակը, որտեղ կհամատեղվեն գործատուների պահանջներն ու կրթական բարեփոխումները, կքննարկվեն հետագա քաղաքականության ծրագրային պլանավորման ձևաչափերը:

«Կարծում եմ, որ ուսումնական հաստատությունների տնօրենները ևս պետք է լիարժեք իրազեկված լինեն աշխատաշուկայի պահանջների և կարիքների մասին, որպեսզի կարողանան ավելի արդյունավետ կազմել իրենց ուսումնական հաստատություններում ներդրված մասնագիտություններն ու դրանցով իրականացվող ուսուցումը: Շատ կարևոր է, որ հաստատության տեղերի հայտերը կազմելիս նույնպես ուսումնական հաստատությունները հիմնվեն աշխատաշուկայի պահանջների վրա: Երբ նույն հաստատությունը, կախված ուսանողների թվից, փորձում է կազմակերպել բազմաթիվ ուղղություններով մասնագիտական կրթություն, արդյունավետության հետ կապված խնդիր է առաջանում` հաշվի առնելով նաև տարածաշրջանային բաշխումը և տնտեսության կարիքները: Մենք փորձելու ենք վարել մասնագիտությունների խոշորացման քաղաքականություն: Կարևորելով նույն տարածաշրջանում մասնագիտական կրթության ապահովման բազմազանության պահանջը` միաժամանակ պետք է խուսափենք մասնագիտությունների մասնատվածությունից»,- փաստել է նա` ավելացնելով, որ եթե ՄԿՈՒ հաստատությունը, օրինակ, ունի 200-300 ուսանող և կազմակերպում է շուրջ 20 մասնագիտությամբ կրթություն, ապա որակի հարցը խնդրահարույց է:

Քննարկման ընթացքում Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ընդգծել է՝ կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ մասնագիտական կրթության զարգացման հիմնական խնդիրներից մեկը գործատուների հետ համագործակցությունն է:

Հարցմանը մասնակցած ավելի քան 1000 գործատուների 98 տոկոսը նշել է, որ տեղյակ չեն, թե մասնագիտական կրթության ոլորտում ինչպիսի բարեփոխումներ են կատարվում: Միաժամանակ գործատուները, ըստ հարցման արդյունքների, նախապատվությունը տալիս են զարգացող մասնագիտություններին: Գործատուներից 402-ը նշել են, որ ունեն ազատ աշխատատեղեր և համավարակով պայմանավորված՝ չեն պատրաստվում աշխատողների կրճատման գնալ, ավելին` ծրագրում են առաջիկա երկու տարիներին 2000-ից ավելի նոր աշխատատեղեր հիմնել:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մասնագիտական կրթության կազմակերպման գործընթացում գործատուների ներգրավմանը: Թեպետ ֆորմալ առումով քոլեջների և ուսումնարանների կառավարման խորհուրդներում ընդգրկված են գործատուների ներկայացուցիչներ, սակայն դա բավարար արդյունք չի ապահովում: Հիմնական խնդիրներից է նաև ուսումնական պրակտիկաների կազմակերպումը, որի համար ուսումնական հաստատությունները չունեն համապատասխան բյուջեներ, իսկ գործատուները, հատկապես փոքր ու միջին ընկերությունները, որպես կանոն, ուսումնական պրակտիկաների կազմակերպման համար համապատասխան պայմաններ տրամադրելու ցանկություն չեն հայտնում, քանի որ դա պահանջում է հավելյալ ռեսուրս:

Հավելենք, որ վերջնական ամփոփումից հետո աշխատաշուկայի կարիքների հետազոտությունն առաջիկայում կներկայացվի ուսումնական հաստատություններին:

 

Լրահոս

Դիտել ավելին