Կարևոր իրադարձություններ

Ընթացք է տրվել ընտրախախտումների մասին 64 հաղորդման, հարուցվել է 1 քրեական գործ. դատախազություն

20 Հունիս, 2021 18:08
Ընթացք է տրվել ընտրախախտումների մասին 64 հաղորդման, հարուցվել է 1 քրեական գործ. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբն ամփոփել է ՀՀ Ազգային ժողովի 

 

արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ հունիսի 20-ին, ժամը 8.00-ից մինչև 13.00-ն ընկած ժամանակահատվածում  առերևույթ կատարված ընտրական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների քննարկման և դրանցով ընթացքների ապահովմանն ուղղված աշխատանքների արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։

Մասնավորապես, նշված ժամանակահատվածում ընթացք է տրվել ստացված և նախնական ուսումնասիրված ընդհանուր 64 հաղորդման և ահազանգի, որոնցից՝ 11-ը եղել են մամուլի հրապարակում, 28-ը՝ ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում նաև՝ ՀՀ դատախազությունում առանձնացված թեժ գծի միջոցով ստացված հաղորդում, 2-ը՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառում, 23-ը՝ ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագրերով ստացված 23 օպերատիվ տվյալներ:

Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝ 

• 16-ը վերաբերում են քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերին (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ).

• 1-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին և կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելու դեպքի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդված)

• 6-ը՝ ընտրողներին կաշառք տալուն և ստանալուն, այդ թվում՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված).

• 16-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված).

• 2-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդված).

• 4-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքի դեպքի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդված).

• 15-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված).

• 1-ը՝ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ հանձնելը կամ իրացնելը (ՀՀ քրեական օրենսգրքի 154.1 հոդված).

• 1-ը՝ ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը (ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդված).

• 2-ը՝ այլ:

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 38 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ դրանցով անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար: 

Ընդհանուր 64 հաղորդումներից 26-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: 

Դրանցից 1-ով, նշված ժամանակահատվածում  ՀՀ քրեական օրենսգրքի 149.2 հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 154.4-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին