Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել են Սադախլո-Բագրատաշեն անցակետի կամրջի կառուցման աշխատանքները․ aliq.ge

18 Հունիս, 2021 20:53
Մեկնարկել են Սադախլո-Բագրատաշեն անցակետի կամրջի կառուցման աշխատանքները․ aliq.ge

Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, մեկնարկել են «Բարեկամություն» կամրջի աշխատանքները։ Գրում է aliq.ge-ն։ 

Երկու երկրները կապող կամուրջը կառուցվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների համաֆինանսավորմամբ։ 

Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից «Ալիք մեդիային» փոխանցեցին, որ այս պահին ափային հենարանների բետոնապատման աշխատանքներն են իրականցվում, դրանք, սակայն, չեն խանգարում այս օրերին անցակետերի վերագործարկմանը։   

«Բարեկամության կամուրջը հին՝ այսօր գործող կամրջի հարևանությամբ է, մի փոքր թեք, կազմված է երկու կամրջից, յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, երկու երթևեկելի գոտիներով, ջրահեռացման ու լուսավորման համակարգերով։ Հին կամուրջն այլևս ի վիճակի չէ սպասարկել  երկու երկրների միջև բեռների և ուղևորների մեծ հոսքը», — ասում է կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը։ 

Երկու երկրների միջեւ բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների առումով հիմնական համարվող Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում նոր կամրջի կառուցումը, ապահովելու է ավելի մեծ ծանրաբեռնվածություն, կրճատելու է ճանապարհի տևողությունը` հարմարավետ ու անվտանգ դարձնելով բեռնատար ու մարդատար մեքենաների շարժը: 

Ծրագրի ղեկավարի խոսքով, եզակի համատեղ նախագիծը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի և Վրաստանի համար․ «նման ծավալով սա հայ-վրացական առաջին համատեղ ծրագրերից մեկն է»։   

Կամրջի կառուցման ողջ գործընթացն իրականացվում է բանկի կողմից ներկայացված միջազգային ստանդարտներին համապատասխան․ «ամրության, որակի միջազգային չափանիշներն են կիրառվում, ուստի վստահ ենք հզոր ենթակառուցվածք կստանանք»։ 

Գործող հին, նեղ կամուրջն արդեն պիտանի չէ, սակայն այն պահպանվելու է՝ խցանումների դեպքում ծառայելով որպես այլընտրանքային ճանապարհ։ 

Հայ-վրացական սահմանի «Բարեկամության» կամուրջը նախատեսվում է շահագործման հանձնել մեկ տարի անց։  

 

Լրահոս

Դիտել ավելին