Կարևոր իրադարձություններ

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը սպառնում է աշխատակիցներին (ձայնագրություն)

18 Հունիս, 2021 16:16
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը սպառնում է աշխատակիցներին (ձայնագրություն)

«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը սպառնալիքներ է հնչեցրել՝ պարտադրելով մասնակցել ընտրություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստերի ստուգման հարթակը:

Չարչյանը նշել է, որ ինքը «Հայաստան» դաշինքի թեկնածու է և եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա նա կիմանա այդ մասին։ Նշենք, որ Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 3-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով հարկադրելու համար: Ընդորում, եթե այդ արարքը կատարվել է երկու կամ ավել անձանց նկատմամբ, ապա նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն դրա համար նախատեսված է ազատազրկում` չորսից յոթ տարի ժամկետով:

«Ընտրություններից հետո վերցնելու եմ ցուցակները, ունեմ ձեր բոլորի հասցեները անուն ազգանունները և տեսնելու եմ ով ա գնացել ընտրության և ով չի գնացել ընտրության։ Հավատացեք ով չի գնացել ընտրության ես դիտարկելու եմ իմ խոսքը չկատարող, իմ խնդրանքը, իմ հորդորը, իմ պահանջը չկատարող։ Իսկ եթե որևէ մեկը այստեղ նստածներից չի կատարել տնօրենի խնդրանքը, հորդորը, պահանջը, տնօրենը և տնօրինությունը բացարձակ նույն  և շատ ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու իրենց նկատմամբ։ Էդպիսի արտահայտություն կա չէ՞ համարժեք պատասխան։ Պատասխանը խիստ անհամարժեք է լնելու, որովհետև էսօր դուք որոշում եք իմ երեխայի իմ թոռան բախտը։ Դուք որոշում եք իմ սերունդների ճակատագիրը, ինչպես նաև ես եմ որոշում ձեր սերունդների ճակատագիրը…

 

Ես հանձնարարել եմ նաև բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին, որպեսզի գործընթացը ամսի 20-ին իրենք ստուգեն, հետևողական լինեն, մի քանի անգամ կարող է ձեզ զանգեն մինչև դուք չգնաք ընտրությունների։ Սա քաղաքական միջոցառում չի, սա քաղաքացիական պարտքը կատարելու միջոցառում է։

Շատ լավ գիտեմ, որ օրենք կա հիվանդանոցներում, դպրոցներում, մշակույթի օջախներում և այլն քարոզչություն կատարել չի թույլատրվում, քարոզչություն կատարողը պատժվում է և ես օրենքի առաջ միշտ եղել եմ պարզ։ Չնայած էնտեղ գումարը մեծ չի 200 հազար դրամ է, բայց անգամ 2 լումա վճարել չեմ ցանկանում, որովհետև դա ոչ թե գումարի խնդիր է այլ օրինապաշտության։ Ես իմ օրինապաշտությունը պահում եմ, մի ընկալեք սա որպես քարոզչություն։

 Առաջին պարտադրանքս, հորդորս գնալ ընտրությունների, երկրորդը՝  մենք բոլոր աշխատում ենք Մայր Աթոռի պատկան կաույցում, հիվանդանոցը պատկանում է Մայր Աթոռին։ Մայր Աթոռի միանշանակ դիրքորոշումը սկսված դեկտեմբերից, պատերազմից հետո, Վեհափառ հայրապետի առաջին ուղերձից և դրանից հետո երեք անգամ հաստատված, և վերջինը մի շաբաթ 10 օր առաջ էր։ Մայր Աթոռի դիրքորոշումը հետևյալն է՝ ներկա իշխանությունները ապաշնորհ են, տապալել են ամենինչ և նրանք պետք է հեռանան։ Սա ես ձեզ տեղեկացնում եմ  Մայր Աթոռի դիրքորոշումը։ Այսինքն ձեր գործատուն ունի էդ դիրքորոշումը։ Ես ձեզ չեմ հորդորում գնացեք քվեարկեք սրան նրան։ Մայր Աթոռի դիրքորոշումն է, որ ներկա իշխանություններին չպետք է քվեարկել»,-ասել է նա։

Ձայնագրություն՝

 

Լրահոս

Դիտել ավելին