Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը նախատեսում է ստեղծել առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական և վարչական պալատներ

17 Հունիս, 2021 13:59
Կառավարությունը նախատեսում է ստեղծել առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական և վարչական պալատներ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Կառավարությունը հավանություն է տվել ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերին: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Վճռաբեկ դատարանում վարչական գործերի քննության իրականացումը մասնագիտացված վարչական պալատի միջոցով, ինչպես նաև հնարավորություն ընձեռել Բարձրագույն դատական խորհրդին առավել ճկուն մեխանիզմներով ապահովել դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրումը: Մասնավորապես, նախագծերով նախատեսվում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վերացումով ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական և վարչական պալատներ: Նախատեսվում է կարգավորել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների կազմավորման և բնականոն գործունեության ապահովմանն հետ կապված հարցերը: Նախատեսվում է նաև դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման ճկուն մեխանիզմներ` առանց ժամկետների և համալրման ենթակա քանակի սահմանափակման:

Տիգրան Ավինյանը նշել է, որ արդարադատության ոլորտում վերջին երկու տարիների ընթացքում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել, որոնց ընթացքի վերաբերյալ հետաքրքրվել է Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանից:

Փոխնախարարը մանրամասներ է ներկայացրել 2019 թվականի հոկտեմբերին ընդունված Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքների և Պարեկային ոստիկանության ծառայության կրթական, տեխնիկական և զինման հագեցվածության ապահովման վերաբերյալ: Մասնավորապես, ըստ Քրիստինե Գրիգորյանի, Պարեկային նոր ծառայությունը Երևանում նախատեսվում է գործարկել հուլիսից:

Գործադիրը հավանություն է տվել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունումն ուղղված է հանձնաժողովի՝ հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանության սահմանադրաիրավական մանդատն իրագործելու կարողությունների բարելավմանը, և դրանով իսկ՝ հանրային ծառայությունների ոլորտի առավել արդյունավետ կարգավորման խթանմանը, ինչն էլ բխում է հանրային կարգավորման շահերից: Օրինագծերով, մասնավորապես, հստակեցվել են հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումներին վերաբերող կարգավորումները` նախատեսելով, որ դրանք ընդունվում են Հանձնաժողովի նիստում, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ գրավոր քվեարկությամբ։ Մասնավորապես, ըստ էության քննարկման կարիք չունեցող հարցերի պարագայում կարգավորման գործընթացի առավել օպերատիվ և արդյունավետ կազմակերպման նպատակով նախատեսվել է գրավոր քվեարկությամբ հանձնաժողովի որոշումների ընդունման հնարավորությունը և կազմակերպման ընդհանուր կարգը, որի մանրամասները կսահմանվեն հանձնաժողովի կողմից։ Ամրագրվել են նաև հանձնաժողովի իրավական ակտերի բողոքարկման, այդ ընթացքում դրանց հետագա գործողությանն առնչվող հստակ կարգավորումներ, որոնք ուղղված են այդ ակտերի՝ ժամանակին կատարման ուժով իրենց նպատակին ծառայելուն:

 

Լրահոս

Դիտել ավելին