Կարևոր իրադարձություններ

Էկոնոմիկայի փոխնախարարները մասնակցել են ազգային պարենային համակարգերի փոխակերպմանը նվիրված աշխատաժողովին

16 Հունիս, 2021 20:32
Էկոնոմիկայի փոխնախարարները մասնակցել են ազգային պարենային համակարգերի փոխակերպմանը նվիրված աշխատաժողովին

ՄԱԿ-ի 2021 թվականի Պարենային համակարգերի գագաթնաժողովի (UN Food Systems Summit 2021)

 

շրջանակում հունիսի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Ծաղկաձորում անցկացվել է «ՄԱԿ-ի Պարենային համակարգերի գագաթնաժողով. առաջարկություններ արդյունավետ գործողությունների և քաղաքականության վերաբերյալ» երկրորդ աշխատաժողովը: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից:

Միջոցառումը գլխավորում էր Պարենային համակարգերի գագաթնաժողովի Ազգային ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, որին մասնակցում էին նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, տեղական և միջազգային մի շարք շահագրգիռ կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ոլորտի այլ պատասխանատուներ, փորձագետներ։ Քննարկման համակարգողն էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։

Ըստ աղբյուրի՝ աշխատաժողովի առաջին փուլը նվիրված էր անվտանգ սննդի առկայություն ապահովմանը, էկոլոգիապես մաքուր ապրանքների լայնածավալ արտադրության խթանմանը, ինչպես նաև հաճախ փոփոխվող տնտեսական միջավայրին դիմակայելու կարողությունների ուժեղացմանը:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխնախարար Արման Խոջոյանը նշել է․ «Առաջին քննարկման ժամանակ հնարավոր եղավ մի քանի կարևոր հարցերի շուրջ հստակեցնել առաջիկա անելիքները, հետևաբար այսօրվա օրակարագում ներառված են այն հարցերը, որոնք դեռ կարիք ունեն համատեղ քննարկելու և միասնական ուրվագծելու այն արդյունավետ ուղին և միջոցառումները, որոնք կօգնեն մեզ հիմնել պարենային կայուն համակարգեր՝ ապահովելով ներառական տնտեսական զարգացում»։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Արման Խոջոյանը նաև գոհունակությամբ նշել է, որ օրերս ստորագրվել է «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թթ. շրջանակ» փաստաթուղթը, որով սահմանվում է նոր կարևոր ուղենիշ ՀՀ և ՄԱԿ-ի միջև արդեն իսկ խորը համագործակցության ուղղությամբ։ 

«Նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն իր զեկույցում անդրադարձել է պարենային անվտանգության աջակցության պետության գործիքակազմին և  կարևորել ճիշտ պահին այդ գործընթացքում պետության միջամտությունը անհրաժեշտ գործիքակազմով։  Պետական աջակցության գործիքակազմի ներկայացման շրջանակներում խոսել է պետություն-մասնավոր հատված գործընկերության, հանրային ներդրումների, ինչպես նաև ոլորտի մասին իրազեկվածության բարձրացման գործում պետության դերի մասին։ 

Աշխատաժողովի ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ներկայացրել է հողային բարեփոխումների շրջանակում արդյունավետ գործողությունների իրականացմանը վերաբերող աշխատանքները և նախատեսվող քայլերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարության տեղեկացմամբ՝ միջոցառման ընթացքում Արման Խոջոյանը ներկայացրել է «Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացում» վերնագրով զեկույցը։ Ելույթում նշվել է, որ 2020 թ․ հունվարի 23-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը»։ Զեկույցում ներկայացվել է, որ Էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է մի շարք փոփոխություններ Հողային օրենսգրքում, ինչպես նաև մշակել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է համակարգային լուծումներ հողերի արդյունավետ օգտագործման։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև չօգտագործվող հողերի դասակարգման չափանիշները և հաշվառման կարգը սահմանող ՀՀ կառավարության որոշման նախագծի տարբերակը, հողի կատեգորիայի փոփոխման համար սահմանված Կառավարության նոր նախագիծը, ինչպես նաև GIS համակարգերի փորձնական կիրառման արդյունքները և այդ աշխատանքների ընդլայնման հնարավորությունները։

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր ելույթում նշել է․ «Կարծում եմ, որ մենք հաջողել ենք երկխոսության առաջին փուլում այն առումով, որ կարողացել ենք մեկտեղել ազգային և միջազգային շահակիցների ամենամեծ և ամենանպատակային խմբին, որոնք պատասխանատու են, ունակ և կամք ունեն ստեղծելու պարենային համակարգեր ներառական արժեշղթաների միջոցով»։ Ընդգծելով կրթության կարևոր դերը պարենային ոլորտում բարեփոխումների իրականացման ընթացքում՝ Վարդան Ուռուտյանը շեշտել է, որ այս տեսանկյունից Հայաստանի ազգային ագրարային համալսարանը առանցքային դերակատարում ունի և պատվով կկատարի իր առաքելությունը։

«Enterprise Armenia» հիմնադրամի Ներդրումների աջակցման կենտրոնի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը ներկայացրել է պարենային համակարգերի փոխակերպման և արտահանման խթանման համար հանրային և մասնավոր գործընկերությունն ամրապնդելու վերաբերյալ զեկույց։

Ելույթներին հաջորդել են թեմայի շրջանակում ակտիվ քննարկումներ, մասնակիցներն ուղղել են իրենց հարցերը, ներկայացրել մի շարք առաջարկներ ոլորտի կարգավորման ու բարելավման ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին