Կարևոր իրադարձություններ

Վիճաբանություն ու սպանություն՝ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում գտնվող «Լույս գերեզման» սրբատեղիում

16 Հունիս, 2021 10:49
Վիճաբանություն ու սպանություն՝ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում գտնվող «Լույս գերեզման» սրբատեղիում

Երեկ՝ հունիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծավանդակի, որովայնի կտրած-ծակած բազմաթիվ վերքեր, արյունահոսություն, հեմոռագիկ շոկ՝ չորրորդ աստիճան, զարկերակային ճնշումը՝ չորոշվող, գիտակցության բացակայություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով վիրահատարանում. վիրասեղանի վրա մահացել է։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց են մեկնել ոստիկանության ,  քննչական կոմիտեի աշխատակիցները։ Ոստիկանները պարզել են, որ սպանվածը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ՝ 41-ամյա Սուրեն Դավթյանն էր։

 

Պարզվել է նաև, որ նա մահացու մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում Գեղաշեն գյուղում գտնվող «Լույս գերեզման» կոչվող սրբատեղիում, որտեղ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են դանակ (ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ դա հանցագործության գործիքը լինի), արնանման հետքեր, հագուստ, գարեջրի բացած շշեր։

Քննիչի կողմից այդ ամենն առգրավվել է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Կայքի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները  պարզել են նաև ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, չեն հրապարակվում։

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին