Կարևոր իրադարձություններ

Բաթումի է մեկնել այս տարվա առաջին գնացքը

15 Հունիս, 2021 16:26
Բաթումի է մեկնել այս տարվա առաջին գնացքը

Հունիսի 15-ին բացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ամառային ուղևորափոխադրումների սեզոնը, և Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնել է այս տարվա առաջին գնացքը: Մինչև հոկտեմբերի 1-ը գնացքն ամեն օր կապելու է Երևանը և վրացական առողջարաններ՝ Բաթումը, Քոբուլեթին, Ուրեկին: Այս մասին տեղեկացնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

Ուղևորներին այժմ սպասարկելու են Տրանսմաշխոլդինգի կազմում ընդգրկված Տվերի վագոնաշինական գործարանի արտադրության ամենաժամանակակից վագոնները:

Դրանք հագեցած են զուգարանային համալիրներով` ցնցուղախցիկներով և խմելու ջրի մաքրիչներով: Բոլոր տեղերը հագեցած են էլեկտրական վարդակներով կամ USB միակցիչներով: Վագոններում հնարավոր դարձավ սպասարկման տարածքներ կազմակերպել՝ տեղադրելով վաճառքի մեքենաներ և սուրճի ապարատներ:

Երկտեղանոց կուպեներում տեղադրված են հեռուստացույցներ: ՀԿԵ-ի ցանկություններին համապատասխան, վագոններում կիրառվել է հատուկ գունային գամման:

Այսօրվա դրությամբ արդեն վաճառվել է գնացքի 490 տոմս, իսկ առաջին գնացքով մեկնել է ավելի քան 60 ուղևոր:

Գնացքն աշխատելու է ամեն օր՝ Երևանից մեկնելով ժամը 15:30-ին: Հակառակ ուղղությամբ գնացքը նույնպես աշխատելու է ամեն օր՝ Բաթումից մեկնելով 15:40-ին:

Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում:

Տոմսերի գները մեկ անձի համար մեկ ուղղությամբ տատանվում են գրեթե 14 հազար դրամից մինչև 36,3 հազար դրամի սահմաններում՝ կախված վագոնի կարգից:

 

Լրահոս

Դիտել ավելին