Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    556,5
    570,5

  • RUB

    6,47
    6,71

Կարևոր իրադարձություններ

 

Կինը 1․200․000 դրամով վաճառել է նորածին դստերը․ մեղադրանք է առաջադրվել 5 անձի

14 Հունիս, 2021 14:51
Կինը 1․200․000 դրամով վաճառել է նորածին դստերը․ մեղադրանք է առաջադրվել 5 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 29-ամյա կինը, 2018թ. գարնանը գտնվելով հղի վիճակում, իր մոր հետ որոշել է վաճառել երեխային: Այդ նպատակով վերջինս, զանգահարելով «սուրոգատ» մայր փնտրելու վերաբերյալ հայտարարություն տեղադրած՝ Երևանի 45-ամյա բնակչուհուն, հայտնել է, որ դուստրը հղի է, ծննդաբերությունից հետո պատրաստվում է երեխայից հրաժարվել և առաջարկել է 1.200.000 ՀՀ դրամ գումարի դիմաց որդեգրել երեխային: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Երևանի բնակչուհին, ընդհանուր համաձայնության գալով 29-ամյա կնոջ և նրա մոր հետ, իր միջոցներով հղի կնոջը տարել է տարբեր բժշկական կենտրոններ՝ հետազոտման և հաշվառման ներկայացրել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում: 2018թ. օգոստոսի 20-ին վերջինս ծննդաբերել է աղջիկ երեխա, սակայն ամուսնուն հայտնել է, որ ծննդաբերության ժամանակ երեխան մահացել է:

Դրանից հետո՝ 2018թ. օգոստոսի 23-ին, Երևանի բնակչուհու փաստաբանի ուղղորդմամբ, 29-ամյա կինը երևանաբնակ կնոջ ամուսնու հետ գնացել է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ամուսնության պալատի տարածքային բաժին և դստեր հայրությունը ճանաչելու համար սուտ տեղեկություններ հաղորդել այն մասին, թե իբր վերջինս հանդիսանում է երեխայի հայրը:

Այնուհետև, կեղծ որդեգրման գործընթացն ապահովելու համար, օգոստոսի 29-ին, կրկին փաստաբանի ուղղորդմամբ, երևանաբնակ ամուսինները և 29-ամյա կինը գնացել են Նոտարական տարածք, որտեղ վերջինս և Երևանի բնակչուհու ամուսինը, ներկայանալով որպես նորածնի ծնողներ, համաձայնություն են տվել, որպեսզի իրենց անչափահաս դստերը որդեգրի 45-ամյա կինը, իսկ 29-ամյա կինը և նրա մայրը երեխայի վաճառքի համար մաս-մաս՝ կանխիկ և բանկային փոխանցումներով, ստացել են ընդհանուր 1.200.000 ՀՀ դրամ գումար:

Սակայն երեխայի հայրը և վերջինիս մայրը, տեղեկանալով կատարվածի մասին, հետ են վերցրել երեխային:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա կնոջը, նրա մորը և երևանաբնակ ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, իսկ փաստաբանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լրահոս

Դիտել ավելին