Կարևոր իրադարձություններ

Պատվերով սոցհարցումներին ուշադրություն չեմ դարձնում. Իվետա Տոնոյանը՝ Gallup-ի հարցումների, ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի վարկանիշի մասին

11 Հունիս, 2021 18:03
Պատվերով սոցհարցումներին ուշադրություն չեմ դարձնում. Իվետա Տոնոյանը՝ Gallup-ի հարցումների, ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի վարկանիշի մասին

«Ես վաղուց արդեն պատվերով համերգի տրամաբանությամբ իրականացվող սոցհարցումներին առանձնապես ուշադրություն չեմ դարձնում»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Կարծում եմ՝ մեր հանրության յուրաքանչյուր ներկայացուցչի մասով էլ, վստահաբար, որևէ արժանահավատություն չեն հաղորդում նման հարցումները: Բոլոր էլ հասկանում են, որ ով պատվիրում է այդ հարցումները, նաև վճարում է այսպես ասած` երաժշտության համար, իսկ այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Գագիկ Ծառուկյանի վարկանիշը շատ բարձր է`դրանում յուրաքանչյուր օր, ցանկացած ոք կարող է համոզվել, հետևելով Գագիկ Ծառուկյանի բազմահազարանոց հանդիպումներին, որոնք անցկացվում են հանրապետության տարբեր մարզերում:

Նախորդող օրերին նմանատիպ հանդիպումներ եղել են Կոտայքի, Գեղարքունիքի, ինչպես նաև Տավուշի մարզերում, որտեղ մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ ջերմությամբ, և Գագիկ Ծառուկյանի, Բարգավաճ Հայաստան կուսակցության հանդեպ հավատով լցված եկել և մասնակցել են հանդիպումներին: Կարծում եմ լավագույն սոցհարցումները դրանք են: Այնպես որ ես հասկանում եմ, որ այս նույն հանդիպումներից տարածվող տեսանյութերը, լուսանկարները, որոնք փաստում են ԲՀԿ-ի բարձր վարկանիշի և հեղինակության մասին, որոշ ուժերի ցնցումների մեջ են գցել: Բայց ուզում եմ ասել, որ թվանկարչությունը քաղաքականության մեջ քաղաքական կատեգորիա չէ, և ինչքան էլ փորձեն ցանկությունը իրականության տեղ ներկայացնել որոշ քաղաքական ուժեր կամ սոցհարցումներ իրականցնող կազմակերպություններ միևնույն է դա իրավիճակ չի փոխելու:

Կա մեկ իրականություն՝ ԲՀԿ-ն ունի բարձր վարկանիշ, Գագիկ Ծառուկյանը ունի բարձր վարկանիշ և մենք գնում ենք հաղթելու: Ինչ վերաբերում է քարոզարշավներին` մենք շատ ակտիվ քարոզարշավ ենք իրականցնում: Գագիկ Ծառուկյանն անձամբ լինելու է բոլոր մարզերում, ինչպես նաև հունիսի 17-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու մեծ հանրահավաք, որտեղ մենք Երևանի մեր ընտրողներին ներկայացնելու ենք մեր ծրագիրը: Իսկ ԲՀԿ-ի մյուս պատգամավորներն այս օրերին առանձին խմբերով այցելում ենք փոքր գյուղեր կամ քաղաքներ, որտեղ ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով պարոն Ծառուկյանը չի կարողանում այցելել:

Մեր բոլոր հայրենակիցներին հորդորում եմ տարատեսակ սոցհարցումներին չհավատալ, հավատալ միայն մարդու անցած ճանապարհին, իրականացրած գործին և այն ծրագրին, որով մասնակացում է տվյալ քաղաքական ուժը արտահերթ խորհրդարանական ընտրություններին»,- ասաց Տոնոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին