Կարևոր իրադարձություններ

Տարածաշրջանի ապաշրջափակման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է. Ալեքսեյ Օվերչուկ

11 Հունիս, 2021 12:21
Տարածաշրջանի ապաշրջափակման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է. Ալեքսեյ Օվերչուկ

Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ընթանում է առարկայական զրույց տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ: Այդ խնդրի լուծման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է, որը անկախություն ձեռք բերելուց հետո փաստացի շրջափակված երկիր է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ռոսիյսկայա Գազետա» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն՝ անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մակարդակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը։

«Բարի կամքի առկայության դեպքում Անդրկովկասում կբացվի տրանսպորտային հաղորդակցությունը, կսկսի զարգանալ առևտուրը, երկու երկրների տնտեսությունները կստանան զարգացման նոր հզոր իմպուլս, և մարդկանց կյանքը կբարելավվի: Կարևոր է, որ նման բարի կամք կա», - ասել է Օվերչուկը։

Ըստ ՌԴ փոխվարչապետի՝ կողմերը հենց սկզբից պայմանավորվել են, որ ընտրում են մոտեցում՝ հիմնված առողջ բանականության վրա, ինչը թույլ է տվել անցնել երկու երկրների միջև բոլոր հնարավոր երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների քննարկմանը:

«Դիտարկվում են տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունները Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի տարածքով: Միաժամանակ լուծվում են խնդիրներ՝ կապված Ադրբեջանի տարածքով Հայաստանից Ռուսաստան կամ Նախիջևանի տարածքով Հայաստանից ու Ռուսաստանից դեպի Իրան երթևեկության մեկնարկի հետ: Բացի այդ, Հայաստանը կարող է հնարավորություն ստանալ օգտագործել ադրբեջանական նավահանգիստները Կասպից ծովում Կենտրոնական Ասիայի երկրներ կամ Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի Հայաստան բեռների տեղափոխման համար», - ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։

Ալեքսեյ Օվերչուկը նկատել է, որ Հայաստանն արտաքին աշխարհի հետ ունի շատ սահմանափակ տրանսպորտային հաղորդակցության հնարավորություններ, ինչը խցանի պես խոչընդոտում է տնտեսական զարգացմանը, բացասաբար է անդրադառնում միգրացիոն գործընթացների վրա և թույլ չի տալիս Հայաստանին ամբողջությամբ բացահայտել իր ներուժը և վերածվել բարեկեցիկ երկրի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին