Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր․ Ֆիլիպ Ռիքեր

10 Հունիս, 2021 18:50
Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր․ Ֆիլիպ Ռիքեր

Հունիսի 9-ին ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի

 

պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հանդիպում ունեցավ ՀՀ ԱԳ նախարարությունում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում ՀՀ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հատուկ անդրադարձ կատարվեց ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձմանը, ինչպես նաև` Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակին:

Երկուստեք վերահաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի առանցքային դերակատարության շարունակականությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Կարևորվեց առաջացած հումանիտար հարցերի հասցեագրումը և Արցախ միջազգային մարդասիրական օգնության անարգել մուտքը:

Ամերիկյան կողմն ընդգծեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի լարվածության թուլացման անհրաժեշտությունը` վերահաստատելով ԱՄՆ պետքարտուղարության մայիսի 27-ի հայտարարությամբ ամրագրված դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր։

Մտքեր փոխանակվեցին նաև մարդու իրավունքների պաշտպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի շուրջ: Ընդգծվեց Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը՝ որպես ապագայում նման հանցագործությունները կանխարգելելու գործուն միջոց:

Քննարկվեցին նաև ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձևաչափում իրականացվող հետագա աշխատանքները:

Այդ մասին հայտնում է ԱԳՆ-ը մամլո ծառայությունը՝ չնշելով կոնկրետ ում հետ է հանդիպել պաշտոնյան եւ լուսանկար չհրապարակելով։

 

Լրահոս

Դիտել ավելին